
Մոսկվան հակադարձել է Սիրիային հարվածելու մասին Թրամփի հայտարարությանը

Մոսկվան չի աջակցում «Թվիթեր-դիվանագիտությանը» և խորհուրդ չի տալիս ամերիկյան իշխանություններին խորացնել Սիրիայում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք լուրջ մոտեցումների կողմնակից ենք: Կարծում ենք, որ կարևոր է չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել առանց այն էլ փխրուն այս իրավիճակում»,- նշել է Պեսկովը: Նա նաև շեշտել է, որ Սիրիային հարվածելու համար ԱՄՆ-ի բերած փաստարկները շինծու են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանը պետք է նախապատրաստվի Սիրիայի հանդեպ ամերիկյան հրթիռների արձակմանը: