Բաժիններ՝

«Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից քաղաքապետարան բերված նյութի բաղադրությունը փորձագետները չեն կարողանում պարզել

Երևանի քաղաքապետարանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ բաղադրությամբ նյութի բաղադրությունը փորձագետները չեն կարողանում պարզել:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ, ըստ փորձագետների, ներկայացված հետազոտելի օբյեկտներում բակտերիոլոգիական և կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաև մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը պարզել չեն կարող:

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունները բացակայում են, և վարույթն իրականացնող մարմինը փորձում է պարզել, թե հանրապետությունում կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ, որոնք ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները՝ այդօրինակ փորձաքննությունն անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել։ Ապա՝ «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձեց մոտեցնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը նրան թույլ չտրվեց եւ կոյուղաջուրը թափվեց հատակին։

Միջադեպը վերածվեց քաշքշոցի եւ տեսախցիկների նկարահանած կադրերում տեսանելի է, թե ինչպես է Մ.Խաչատրյանը ապտակում ՀՀԿ-ի ներկայացուցչին, իսկ վերջիններս հարվածում նրան, քաշում մազերից։ Գոռ Վարդանյանն էլ գրկելով տիկնոջը հանել է միջանցք։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս