Բաժիններ՝

ԱԺ-ն քննարկում է բազմաբնակարան շենքերի տարածքում գիշերային ակումբների տեղակայումը սահմանափակող նախագիծ

Ազգային ժողովը քննարկում է բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախագծերի փաթեթը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքին վերաբերվող կարևոր ոլորտ:

«Նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել հանրային կյանքը և դրա որակը բարձրացնել՝ սահմանելով ծառայությունների տեսակները, որոնք լինելու են սահմանափակման ենթակա: Դրանցից որոշների տեղակայման նկատմամբ կներկայացվեն որոշակի պահանջներ և սահմանափակումներ, որոշների նկատմամբ էլ միջոցներ կլինեն գիշերային ժամերին լռություն պահպանելու տեսանկյունից»,- նշեց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ սահմանափակման ենթակա օբյեկտներն են կարաոկեները, դիսկոտեկները, գիշերային ակումբները, բաղնիքները, սաունաները: «Այդպիսի հաստատությունների կամ ծառայության օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»,- ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այդ գործունեության տեսակների համար թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը: «Սահմանափակման ենթակա օբյեկտների համար համայնքի ավագանին իրավասու կլինի ներկայացնել հեռավորության պահանջ բազմաբնակարան շենքերից: Նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար կսահմանվեն պետական տուրքեր»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն և 24:00-ից մինչև առավոտյան 07:00-ն: «Լռությունը խախտելու սահմանափակումը շրջանցելու դեպքում առաջանում է պատասխանատվության միջոց: Գործող օրենքով առաջին անգամ խախտելու համար կիրառվում է նախազգուշացում, երկրորդ դեպքում տուգանք 40 հազար դրամի չափով, մենք առաջարկում ենք էականորեն բարձրացնել այդ տուգանքի չափը: Առաջարկում ենք առաջին անգամ խախտելու դեպքում սահմանել 200 հազար-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ տուգանք»,- ընդգծեց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս