Գործարքի վավերության համար կնիքի առկայությունն այլևս պարտադիր չէ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որն էականորեն կթեթևացնի իրավաբանական անձ հանդիսացող քաղաքացիների գործունեությունը: Բանն այն է, որ նոր նախագծով առաջարկվել է գործարքի վավերությունը չկապել կնիքով դրոշմված չլինելու հանգամանքի հետ, ինչպես նաև բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
«Գործարարությամբ զբաղվելը 2018» ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով ՀՀ զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաև օրենսդրության մեջ իրավաբանական անձանց համար կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը:
ՀՀ քաղաքացիական, վարչական դատավարության և հարկային օրենսգրքերում, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում առկա են կնիքի կիրառելիության վերաբերյալ դրույթներ, որոնք խնդրահարույց են վերոնշյալ տեսանկյունից:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որի ընդունման արդյունքում կբացառվի կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
Նախագիծը կառավարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել երեկ, և մինչև ապրիլի 25-ը հանրությունը կկարողանա քվեարկել այս նախագծին կամ առաջարկով հանդես գալ:
Նշենք, որ նախագծի համաձայն՝ փոփոխության կենթարկվի քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ առաջին նախադասության մեջ կհանվեն «կնիքով դրոշմված լինելը» բառերը: Փոխարենը նախադասությունը կլրացվի հետևյալ բովանդակությամբ. «Գործարքի՝ կնիքով դրոշմված չլինելը չի հանգեցնում այդ գործարքի անվավերության»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: