«Ինչո՞ւ արտագաղթը, թալանն ու կոռուպցիան չեք վերլուծում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրերից սկսած, բայց կենտրոնանում եք Սերժ Սարգսյանի վրա». Ռազմիկ Դավոյան

Գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների թեմային ու հասարակական տրամադրվածությանը՝ նկատում է՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցած տասը տարիների ընթացքում բառի բուն իմաստով անուրանալի ձեռքբերումներ ենք ունեցել.

«Անցած 10 տարիների ընթացքում Հանրապետության նախագահը՝ Սերժ Սարգսյանը, գլխավորապես ուշադրությունը սևեռել էր միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության մակարդակի բարձրացման ու ճանաչման վրա: Ցեղասպանության դեմ պայքարի դրոշակակիր դառնալը կարևորագույն խնդիր է Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում բարձրացնելու գործում: Վատիկանում Հռոմի պապի պատարագ մատուցելը ահռելի երևույթ էր հայ ժողովրդի պատմության մեջ:

Եվ վերջապես կազմավորվեց մեր բանակը, որ առաջնահերթության խնդիրներից ամենակարևորն էր: Դուք ինձանից լավ գիտեք, որ անցած տարիներին, Հայաստանի նախորդ ղեկավարների օրոք հայաստանյան քաղաքական դաշտը գործել է կռիլովյան առակի պես՝ «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը»:

Ղեկը պահել դեպի հիմնական նպատակը՝ դժվարագույն խնդիր էր և հիմա էլ մնում է դժվարագույններից մեկը, որը հաղթահարել հաջողվեց միայն Սերժ Սարգսյանին:

Բացի այդ՝ «Ազգ-բանակ» հրաշալի կարգախոսն ու գյուղատնտեսության առաջնահերթությունը մնում են հռչակված առաջնահերթություններ, և սրանք վերջնական իրագործելու համար հարկավոր են մեխանիզմներ, որոնք ստեղծելու ջատագով է հավանաբար, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել մեր հանրապետության վարչապետը: Սերժ Սարգսյանը, կառավարությունը կազմակերպելու աշխատանքներին սևեռվելով և միաժամանակ ունենալով հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընկերակցությունը, կարող է վերջապես այդ կառավարությունն այնպես կարգի բերել, որ մեր խնդիրները հասնեն իրենց լուծմանը: Ես հավատում և վստահում եմ իրեն»:

Անդրադարձ կատարելով ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ գրողը նկատում է՝ իհարկե, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Ղարաբաղից, և՛ Սփյուռքից դրական եզրակացություններ եղան նրա նախագահության վերաբերյալ, հետևաբար նրա մարդկային որակներն ու դրսում ունեցած կապերը, ինչպես նաև ներդրումների հեռանկարը կարող են իրագործվել, եթե կառավարությունը լիարժեք վստահություն ապահովի նրա անձի նկատմամբ: Ռազմիկ Դավոյանը նկատում է՝ իհարկե, բոլոր խնդիրներին միանգամից լուծումներ տալն անիրական է, բայց եթե Կառավարության, Ազգային ժողովի ու նախագահի միասնական նպատակասլացությունն ուղղված լինի ազգային խնդիրների լուծմանը, ապա դրանք կարող են լուծվել:

Ըստ բանախոսի՝ ամեն մարդ ու իշխանավոր պետք է համոզմունք ունենա, որ իր գործունեությունից է կախված մեր ժողովրդի վաղվա օրն ու ապագա սերունդների ճակատագիրը:

Եթե նոր նախագահի ընտրությամբ, միևնույն է, երկրի իշխանությունը շարունակում է մնալ նույնը, ապա որտեղի՞ց այսքան լավատեսություն, որ ամեն բան լավ է լինելու . այս նկատառմանը Ռ.Դավոյանը պատասխանում է.

«Ընդունում եմ՝ կա մի շատ կարևոր բան, որ պետք է ուղղել, բայց ինչո՞ւ արտագաղթը, թալանն ու կոռուպցիան չեք վերլուծում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրերից սկսած, բայց կենտրոնանում եք Սերժ Սարգսյանի վրա: Ասեմ ձեզ՝ այն ժամանակ հիմքերը քանդել են, և դուք ուզում եք, որ քանդած հիմքերի վրա կարտոնե պատեր դնենք և ցույց տանք, որ ամեն բան շատ լա՞վ է… Անհնար է: Սերժ Սարգսյանը վերջին 10 տարիների ընթացքում զբաղված է եղել հիմքեր գցելով, իսկ այդ հիմքերը չեն կերակրում ժողովրդին և տուն չեն դառնում նրանց համար, ովքեր պետք է վերադառնան Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս