
Երուսաղեմի հայ ուխտավորների և ոստիկանների միջև միջադեպից հետո ձերբակալված հայ երիտասարդը բաց է թողնվել

Երուսաղեմի հայ ուխտավորների և ոստիկանների միջև ապրիլի 7-ին միջադեպ է գրանցվել, որի ժամանակ ձերբակալվել է հայ երիտասարդ. նա քիչ անց բաց է թողնվել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը:
«Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված ուխտավորների և հոգևորականների թափորին արգելվում էր քայլել դեպի Հարության Տաճար՝ երկաթե արգելասյուներով փակելով վանքի դուռը։ Այդ իսկ պատճառով եղավ այս հրմշտոցը: Անվտանգության անվան տակ փորձում են ամեն անգամ խնդիրներ ստեղծել: Եվ դա նորություն չէ, վերջին տարիներին այդ միտումը նկատվում է, որին ականատես են լինում ուխտավորները, վանականները: Կարծում ենք, որ դա անտեղի է, կեղծ նկատառումներով պայմանավորված, նեղություն են պատճառում ուխտավորներին»,- ասաց Հակոբ Սևանը:
Տեղում գտնված հայ երիտասարդներից մեկին, ով փորձում էր դիմադրել ոստիկաններին, իրավապահները ձերբակալել են, սակայն քիչ ուշ բաց են թողել: Իրավիճակը հարթվել է, թափորը շարունակել է ընթացը:
Հակոբ Սևանը կարծում է, որ Հայոց պատրիարքությունը պետք է հետամուտ լինի, հարց բարձրացնի կառավարությունում, որ տոնական օրերին միջոցառումների բնականոն ընթացքը չխանգարվի: