Տեքստիլ արդյունաբերության զարգացման հեռանկարները Շիրակի մարզում
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարության» զեկույցի, տեքստիլի, տրիկոտաժի և գորգագործության ոլորտը Հայաստանի տնտեսության հին և ավանդույթներով հարուստ ճյուղերից է:
Դեռևս 1911 թվականին Երևանում հիմնվել է ոլորտի առաջին խոշոր արտադրությունը՝ բամբակամանվածքային գործարան, որի արտադրանքն արտահանվում էր: Խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին մի շարք խոշոր տեքստիլի և տրիկոտաժի գործարաններ` Երևանում և հանրապետության այլ գլխավոր քաղաքներում՝ Գյումրիում, Չարենցավանում, Վանաձորում և հանրապետության այլ վայրերում: Թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ մեկ երրորդը:
Ոլորտն ապահովում էր նաև ամենամեծ զբաղվածությունը՝ մոտ 115.000 մարդ (երկրի արդյունաբերության մեջ ներգրավված ողջ աշխատուժի մոտ 25%-30%-ը): Խորհրդային տնտեսության մեջ Հայաստանը հանդիսանում էր տեքստիլ և տրիկոտաժե արտադրանքի խոշորագույն մատակարարներից: Հետանկախացման ժամանակահատվածում, ինչպես տնտեսության այլ ճյուղերը, Հայաստանի տեսքստիլի և տրիկոտաժի ոլորտը շուրջ 60%-70% անկում արձանագրեց:
Խոշոր գործարանները, չկարողանալով ձեռք բերել անհրաժեշտ հումք և ապահովել իրացման շուկաներ, աշխատում էին իրենց հզորությունների չնչին չափով կամ ընդհանրապես կանգ էին առել: 1990-ականների վերջից ոլորտը կրկին աշխուժացավ՝ շնորհիվ հիմնականում արտերկրյա պատվերների:
Ոլորտի հիմնախնդիրներից են մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, որակյալ աշխատուժի անբավարար առաջարկը, աշխատուժի ցածր արտադրողականությունը, ընկերությունների բրենդինգի և ոլորտի առաջմղման անբավարար մակարդակը:
Այս հիմնախնդիրն առկա է նաև Շիրակի մարզում, որտեղ ոլորտի զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում:
Դեռևս 2016 թվականին «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ժամացույցների հանրահայտ ընկերության հիմնադիր-սեփականատեր և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սիրմակեսը «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 1 մլն դոլար տրամադրեց Գյումրու տեքստիլ ֆաբրիկայի գործունեության ընդլայնմանը: Միջոցները Գյումրու տեքստիլ ֆաբրիկային էին տրամադրվել 7 տարի մարման ժամկետով և 5% արտոնյալ տոկոսադրույքով: Նախագիծը, ֆաբրիկայի գործունեության ընդլայնումից բացի, պարունակում էր ևս մեկ կարևոր պայման` 150 աշխատատեղի ստեղծում, որից 50-ը՝ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 100-ը` մինչև տարվա վերջ:
Ապրիլի 5-ին՝ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնում» տեղի ունեցած «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ևս անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, գործարարներ և ուրիշներ: Ռուբեն Սանոյանը քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից ողջունել ու շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ, ապա անդրադարձ կատարել Գյումրու՝ երբեմնի հզոր արդյունաբերական, այս ուղղությամբ ներկայիս հնարավորությունների, զարգացման հեռանկարներին:
Ըստ Գյումրու քաղաքապետարանի, տեքստիլ զարգացման ծրագիրը հնարավորություն կտա տեքստիլ հատվածի ներկայացուցիչներին Լոռու և Շիրակի մարզերում համատեղ զարգացնել տեքստիլ ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Նոր մշակվող աջակցության մեխանիզմների և գործիքների միջոցով կտրամադրվի աջակցություն հաղորդակցության, փորձի փոխանակման, տեխնոլոգիական և տեխնիկական, մարքետինգի և այլ ոլորտներում:
Անահիտ Սիմոնյան