Բաժիններ՝

«Կառավարության մշակած ծրագիրն անիմաստ ծրագիր է, գումարների վատնում». Հրաչ Բերբերյան

«Արհեստական սերմնավորումը հույժ կարևոր է անասնաբուծության մեջ։ Եթե ցլի միջոցով ենք այդ սերմնավորումը կազմակերպում, լինում են վարակներ, որոնցից խուսափելու համար գյուղատնտեսական գիտությունը հիմնվում է արհեստական սերմնավորման վրա, որը վարակի աղբյուր չի կարող լինել, և հոտի բարելավում կառաջացնի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Հայաստանում այս տարվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման հարցով հիմնական քննարկումը եղել է Կառավարությունում վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն ասել է, որ քննարկումից հետո հանձնարարվել է ծրագիրը ևս մեկ անգամ մշակել, և մանրամասն քննարկումներից հետո կտրվի ծրագրի մեկնարկը։

«Եթե նախորդ տարվա համեմատ 70 հազար գլխով է խոշոր եղջերավոր անասունների թիվը պակասել, որի կեսը կթու կովերն են, բնականաբար, եթե կար 260 հազար կթու կով, այսօր կա 230 հազար։ Այսինքն՝ նշանակում է, որ մենք ընդամենը 10 տոկոսի համա՞ր ենք այդ սերմնավորումն անում։ Անիմաստ ծրագիր ենք անում, որն էֆեկտիվություն չի ունենա։

Նախարարությունն էլ հայտարարեց, որ հիմնվելու են կովկասյան գորշ տեսակի վրա, այսօր կովկասյան գորշը տարեկան 3 հազար լիտր կաթ է տալիս, իսկ նախարարը տոննա է նշում, բայց ենթադրենք՝ նախարար է, սխալվել է, կարող է բնագավառի կրթություն չունի։ Կովկասյան գորշը լավագույն դեպքում մինչև 2000 լիտր կաթ է տալիս, այսինքն՝ նախարարությունում մասնագետ չկա, որ իմանա, թե կովկասյան գորշն ինչքան կաթ է տալիս»,- ասաց Բերբերյանը։

Ագրարագյուղացիական միավորման նախագահը նկատեց՝ ասում են՝ արհեստական սերմնավորում, բայց չեն ասում, թե որ ցեղերի հետ պետք է հիբրիդներ ստանան. «Բացի այդ՝ հայտարարում են, թե կովի կաթնատվությունը պետք է 4 հազարի հասցնեն։ Սա էլ է աբսուրդ, որովհետև, եթե 7-8 տոկոսի արհեստական սերմնավորում են անելու, այդ ո՞նց են ընդհանուր հոտի արտադրանքը բարձրացնում 4 հազարի։ Հայաստանի ցուցանիշով, Սերգո Կարապետյանի նկարած թվերով՝ 60 տարում 700 լիտրով է ավելացել կովի կաթնատվությունը, իսկ իրենք միանգամից 3000-4000-ի են ասում։ Իրականում 2000-ը սարսափելի դրական թիվ է կովկասյան գորշի համար»։

Բերբերյանի խոսքով՝ մինչև 3000 լիտրի հնարավոր է հասցնել կաթնատվությունը, բայց դրա համար 5-15 տարի կպահանջվի. «Նախարարությունը գոնե պետք է տեղյակ լիներ, թե մեր կովերի միջին կաթնատվությունն ինչքան է, բայց տեղյակ չէր։ Կառավարության մշակած ծրագիրն էլ մտահոգում է․ անիմաստ ծրագիր է, գումարների վատնում։ Եթե այսօր դու ունես 230 հազար գլուխ, բայց 20 հազարի համար ես այդ ծրագիրն իրականացնում, դրա էֆեկտն ի՞նչ պետք է լինի։

Իսկ նախկին կառավարության ծրագրերով մենք ունեինք ընդհանուր հոտի արհեստական սերմնավորման ծրագիր, որը բերում էր տարեկան 50 լիտրի բարելավման, ոչ ավելի։ Այսօր մենք պետք է ունենանք մոտ 250 հազար բարձր վերարտադրության ցուլերի դոզա, որ արդյունավետությունը բարձր լինի։ Եթե բառադի ցուլ է, դրա սպերման բանի պետք չի։ Կարգին տղայից է կարգին տղա լինում, և կարծում եմ, որ այս ծրագիրը կարգին տղերքի ձեռքը չի ընկել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս