
Ֆիլիպինների Բորակայ կղզին ժամանակավորապես փակում են զբոսաշրջիկների համար

Ֆիլիպինների իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների համար կես տարով փակել Բորակայ կղզին: Տարաշխարհիկ հանգստի սիրահարների շրջանում մեծ ժողովրդականության պատճառով ընդամենը 10 քառակուսի կիլոմետր մակերեսով այս գեղատեսիլ վայրին լուրջ վնաս է հասցվել, տեղեկացնում է BBC-ին:
Երկրի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կղզին փակում են ապրիլի 26-ին: Ավելի վաղ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ Բորակայը «կեղտաջրի առվի է վերածվում», եւ սպառնացել է այն փակել: Միայն անցյալ տարի արեւադարձային կղզի, որը հայտնի է իր սպիտակ ավազով լողափերով, այցելել է 2 միլիոն մարդ: Ֆիլիպինների իշխանությունների որոշումը հարուցել է հազարավոր մարդկանց լուրջ անհանգստությունը, որոնք Բորակայում աշխատում են զբոսաշրջության ինդուստրիայում: Կղզում գրանցված են ավելի քան 500 ընկերություններ, որոնք վաստակում են զբոսաշրջիկների հաշվին:
Անցյալ տարի նրանց միագումար եկամուտը կազմել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Կառավարությունը խոստացել է ֆինանսական օգնություն տրամադրել այն ֆիրմաներին, որոնք կտուժեն սահմանված արգելքից: Իշխանությունները որոշումն ընդունել են՝ ղեկավարվելով շրջակա միջավայրի վիճակի մասին մտահոգությամբ: Նրանց խոսքով՝ տեղական ֆիրմաները կոյուղու կեղտաջրերը լցնում են ուղղակի ծովը: