Արտահանման ցուցանիշի բարելավումն ու մեդալի հակառակ կողմը
Հրապարակվել է 2017թ. վճարային հաշվեկշիռը։ Վճարային հաշվեկշռում երևում է ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների արտահանումը։ Իսկ դա կարևոր է, քանի որ կառավարությունը խոստացել է մինչև 2022-ը ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը հասցնել ՀՆԱ-ի 40-45% մակարդակին։
Այսպես, ըստ վճարային հաշվեկշռի, 2017-ին ՀՀ-ից ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմել է 4 մլրդ 273.3 հազար դոլար՝ 2016թ. 3.5 մլրդ դոլարի դիմաց։ Ապրանքների և ծառայությունների արտահանման հավելաճը, այսպիսով, շուրջ 773 մլն դոլար է կամ 22%։ Այդ թվում՝ ապրանքների արտահանումն աճել է 487.6 մլն դոլարով կամ 25.8%-ով և կազմել 2 մլրդ 378.3 մլն դոլար։ Իսկ ծառայությունների արտահանումն աճել է 285.3 մլն դոլարով կամ 17.7%-ով և կազմել 1 մլրդ 895 մլն դոլար։ Նշենք, որ թե՛ ապրանքների, թե՛ ծառայությունների արտահանման բացարձակ ծավալների առումով 2017-ը ռեկորդային է։
Ապրանքների արտահանումը սովորաբար ավելի շատ է լուսաբանվում, քանի որ ԱՎԾ-ն և այլ աղբյուրներ ամսական կտրվածքով թարմացնում են այդ ցուցանիշները։ Իսկ ծառայությունների արտահանման ցուցանիշը հրապարակվում է եռամսյակը մեկ։ Ծառայությունների արտահանման առյուծի բաժինն ապահովվել է ներգնա զբոսաշրջության հաշվին։
Ըստ վճարային հաշվեկշռի՝ ճանապարհորդության և մարդատար տրանսպորտի մեջ զբոսաշրջության հետ կապված ծառայությունների կրեդիտը (ավելի պարզ ասած՝ ներգնա զբոսաշրջությունից երկիր մտած փողը) աճել է 152.1 մլն դոլարով կամ 15.7%-ով և կազմել 1 մլրդ 121.1 մլն դոլար։ Հիշեցնենք, որ 2017թ. դեպի ՀՀ կատարվել է մոտ 1.5 մլն միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 18.7%-ով շատ է 2016թ. ցուցանիշից։
Հիմա փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է կառավարությանը հաջողվել մոտենալ արտահանումը ՀՆԱ-ի 40-45%-ին հասցնելու խոստմանը։ Այդ հարցի պատասխանը տվել ենք 2-րդ գծապատկերում։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. ՀՆԱ-ն կազմել է 5 տրլն 580 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 11 մլրդ 560 մլն դոլար (որպես փոխարժեք՝ վերցրել ենք 1 դոլարը՝ 482.7 դրամ, ինչպես ԱՎԾ-ն)։
Ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը՝ ըստ վճարային հաշվեկշռի, ինչպես նշեցինք, 4 մլրդ 273.3 մլն դոլար է։ Հարաբերակցությունը, այսպիսով, կազմում է 37%:
Համեմատության համար նշենք, որ 2016թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը եղել է ՀՆԱ-ի 33.1%-ի չափով (նշենք, որ գծապատկերում բերված ՀՆԱ-ի տվյալները դոլարային արտահայտությամբ վերցված են Համաշխարհային բանկի տվյալների բազաներից)։
Փաստորեն, մեկ տարվա՝ 2017թ. ընթացքում, արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 4 տոկոսային կետով։ Ու եթե աճի տեմպերը պահպանվեն, ինչի մասին վկայում են այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները, ապա արդեն այս տարի ապրանքների և ծառայությունների արտահանումը կարող է հասնել ՀՆԱ-ի 40%-ին։
Մի խոսքով, դինամիկան ցույց է տալիս, որ կառավարության խոստացած 45%-ն իրատեսական է, և դրան կարող ենք հասնել անգամ նախատեսված ժամկետից էլ շուտ։
Սա լա՞վ է։ Այո։ Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։
Նախ, չնայած արտահանումն աճել է, սակայն ներմուծումն ավելի շատ է աճել՝ թե՛ տոկոսային առումով, թե՛ բացարձակ թվով։ Արդյունքում՝ ապրանքների արտահանման գծով բացասական հաշվեկշիռը 2016թ. 944 հազար դոլարից՝ 2017-ին հասել է մոտ 1.5 մլն դոլարի։ 62.5 մլն դոլարի բացասական հաշվեկշիռ էլ ունենք ծառայությունների արտահանման գծով։
Իսկ ընթացիկ հաշվի պակասուրդը, որը ներառում է, ապրանքների և ծառայությունների արտահանում/ներմուծումից բացի, նաև սկզբնական եկամուտները (օրինակ տրանսֆերտները)՝ 238 մլն դոլարից հասել է 400 մլն դոլարի։ Մի խոսքով, Հայաստանից դուրս եկող և Հայաստան մտնող փողի տարբերությունը 2017-ին մեծացել է։
Կառավարությունը դա մտահոգիչ չի համարում։ Ավելին՝ ասում են, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ ներդրումային ծրագրեր են իրականացվում, և հումքի ու սարքավորումների ներկրման հաշվին պակասուրդը պետք է ավելանար։ Սակայն օտարերկրյա ներդրումների՝ վերջերս հրապարակված տվյալները ցույց տվեցին, որ օտարերկրյա ներդրումների գծով զգալի անկում ունենք։ Իսկ թե ներմուծման աճի ո՞ր մասն է պայմանավորված կապիտալ ապրանքներով, դեռ հայտնի չէ։
Երկրորդ հակասական կետն էլ վերարտահանումն է։ Այսինքն՝ երրորդ երկրներից Հայաստան են ներմուծվում մեծ ծավալի ապրանքներ, որոնք հետո վերարտահանվում են ԵԱՏՄ երկրներ։ Դա, բնականաբար, վիճակագրության մեջ առանձին չի երևում, սակայն, եթե ուշադրություն դարձնեք 2017թ. արտահանման ու ներմուծման աշխարհագրական բաշխվածությանը, կտեսնեք, որ դեպի Ռուսաստան արտահանումը շատ ավելի արագ է աճել, քան ներմուծումը։
Իսկ երրորդ երկրներից (Չինաստան, Թուրքիա, ԱՄԷ և այլն), հակառակը՝ ներմուծումն է շատ ավելի արագ աճել։ Ի վերջո, վարչապետի հրապարակած ներմուծման տվյալներից հետո, երբ հարցրեցին, թե ինչպես է 2 ամսում 43 մլն զույգ գուլպա ներմուծվել, պաշտոնապես հայտարարվեց, որ դա վերարտահանվել է։
Իսկ վերարտահանման ժամանակ աճում են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման թվերը։ Արտահանում/ներմուծում ցուցանիշն էլ արդյունքում բարելավվում է, սակայն դա տնտեսության հետ, մեծ հաշվով, կապ չունի, և դրանով ուրախանալ էլ առանձնապես չարժե։