Մեկնարկել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները
Ապրիլի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հաձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետերը, համայնքների ղեկավարներ:
Բացելով նիստը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ողջունել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, նշելով, որ ակնկալում է ակտիվ քննարկումներ և իրատեսական առաջարկություններ:
«Միջգերատեսչական հանձնաժողովը խնդիր ունի արժանավայել կազմակերպելու և աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով անցկացնելու Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները», – նշել է ԱԻ նախարարը:
Տարեվերջին անցկացվելիք համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում և դաշտային խոհանոցի մրցույթ:
Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրել են միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված աշխատանքներն ու առկա խնդիրները: Մասնավորապես, նիստի մասնակիցներին ներկայացվել են աղետներին դիմակայունության համապետական վարժանքի, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տարահանման ուսումնավարժությունների, մարզերում անցկացվելիք տակտիկական և ցուցադրական վարժանքների հետ կապված մանրամասներ:
Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնաղփրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Հայաստանը փրկարարներ և օգնություն ներմուծողից դարձել է արտահանող երկիր:
Միջոցառումների շարքում նախատեսվում է Գյումրիում անցկացնել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ, որին կմասնակցեն դաշտային խոհանոց ունեցող ՀՀ գերատեսչությունները, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, միջազգային մասնակիցներ ու դիտորդներ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի հետ կապված մի շարք հարցեր:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին որոշվել է մեկամսյա ժամկետում աղետի գոտու պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ ճշգրտել աշխատանքային պլանները՝ հաշվի առնելով քննարկումներն ու արված առաջարկությունները, իսկ նոր և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարությանը: