Բաթումի նավահանգստի աշխատանքը կաթվածահար վիճակում է
Բաթումի նավահանգստի աշխատանքը կաթվածահար վիճակում է աշխատողների գործադուլի պատճառով: Այդ մասին Աջարիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նավահանգստի աշխատակիցներից մեկը:
Նավահանգստի մի քանի տասնյակ աշխատողներ ապրիլի 2-ին հրաժարվել են դուրս գալ աշխատանքի եւ գործադուլ են հայտարարել աշխատակիցների ազատումները դադարեցնելու պահանջով: Աշխատողները պահանջում են «Բաթումի նավթային թերմինալ» ընկերության գլխավոր տնօրեն Դանիյար Մուհամեդ Ռահիմի պաշտոնաթողությունը, ընկերություն, որը Բաթումի նավահանգստի սեփականատերն է: Ի նշան բողոքի, ութ մարդ արդեն երկրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել:
«Ներկայում նավահանգստում ապրանքաշրջանառություն չկա, նավահանգիստ նավեր չեն մտնում: Մենք կաթվածահար վիճակում ենք եւ դուրս ենք եկել ակցիայի»,-ասել է նավահանգստի աշխատողներից մեկը:
Իր հերթին նավահանգստի վարչակազմն աշխատողներին առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ նրանց հավատացնում է, որ ոչ մի վերակառուցում չի պլանավորվում: Բաթումի նավահանգստի գլխավոր տնօրենը վրացական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է,որ ընկերությունը դադարեցնում է վերակառուցման գործընթացը:
«Ճգնաժամային իրադրության կապակցությամբ, որն ստեղծվել է Բաթումի նավահանգստում, Աջարիայի կառավարության դիմումից եւ նրա հետ կոնսուլտացիաներից հետո «ՂազՏրանսՕյլ» բաժնետիրական ընկերությունը որոշում է ընունել վերակառուցման գործընթացը դադարեցնել այնքան ժամանակ, քանի դեռ առավելագույնս հարմար որոշում չի գտնվի նավահանգստի համար»,-Մուհամեդ Ռահիմի խոսքը մեջբերել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Գործադուլավորները համաձայն չեն տնօրենի այս հայտարարությանը, նրանք պնդում են նրա պաշտոնաթողությունը եւ չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը: