«Ներդրումների անկումը վկայում է միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային գրավչության նվազման մասին». Մովսես Արիստակեսյան
2017թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կրկին նվազել են և կազմել 245.7 մլն դոլար՝ 2016 թ. 338.1 մլն դոլարի փոխարեն։ Ընդ որում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, դրանից 225 մլն դոլարն օֆշորային ներդրում է հանքարդյունաբերությունում։
Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ներդրումների անկումը վկայում է միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային գրավչության նվազման մասին, իսկ դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ առաջին հերթին՝ բիզնես ոլորտում կոռուպցիայի ընկալման բարձր համաթվի ցուցանիշով, երկրում տնտեսվարման համար ոչ բարենպաստ միջավայրով։
«Այդ ներդրումները հիմնականում կատարվել են հանքարդյունաբերությունում։ Դա բնորոշ է երրորդ-չորրորդ կարգի չզարգացած, թերզարգացած երկրներին, որտեղ ներդրում կատարվում է պարզապես հանքանյութ արտահանող արդյունաբերության մեջ։
Եթե նայենք, թե ինչպիսի հանքանյութ է արտահանվում, ապա պատկերն է՛լ ավելի ողբալի է Հայաստանի համար։ Դա թանկարժեք մետաղներ պարունակող հանքանյութեր են, որոնց մշակումը Հայաստանում կազմակերպելու դեպքում մենք ավելի մեծ օգուտ կտայինք մեր երկրին, քան արտահանելու դեպքում։
Դրանց մշակման տեխնոլոգիաներ մենք, իհարկե, ունեցել ենք, և, եթե անգամ հնացած են եղել տեխնոլոգիաները, ապա այդ ներդրումները պետք է ուղղենք այդ հանքանյութի լրամշակման, ամբողջական մշակման արտադրության ներդրմանը, որպեսզի երկրից դուրս գար արդեն պատրաստի արտադրանք։ Դա կլիներ ոսկու ձուլակտոր, մաքուր պղինձ, ընդ որում՝ մաքուր պնղձի հիման վրա կարող էինք արտադրել մալուխներ և այլն։
Այսինքն՝ տնտեսությունն ուղղված է մեր և մեր սերնդի ազգային հարստությունը «գողնալուն», արտահանելուն, թույլ տալով գերշահույթներ ստանալ օֆշորային գեներալներին։ Մինչդեռ, վերջնական արտադրանք տալու դեպքում կբարձրանար մեր երկրի հեղինակությունը, և կունենայինք տնտեսական իրական աճ, կկանխվեր երկրից արտագաղթը»,- ասաց Մ.Արիստակեսյանը։