Էրդողանի հրամանով առևանգվել են Կոսովոյում Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցի ուսուցիչները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի` Կոսովոյում գործող դպրոցների 5 ուսուցիչ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նշվում է, որ ուսուցիչներին առևանգել և Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները, և այս քայլն առաջացրել է Կոսովոյի ղեկավարության և իրավապաշտպանների բուռն արձագանքը:.
«Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես աշխատանքից ազատել եմ ներքին գործերի նախարարին և ազգային անվտանգության ծառայության ղեկավարին»,-զայրույթը չթաքցնելով՝ նշել է Կոսովոյի վարչապետ Ռամուջ Հարադինաջը:
Տեղական մամուլի հաղորդմամբ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին ուսուցիչներին առևանգելու գործում աջակցել է հենց Կոսովոյի հատուկ ծառայությունը:
Առևանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր դասավանդում էին Կոսովոյում Գյուլենի դպրոցներում:
Առեւանգված ուսուցիչներից մեկի կինը` Ջասիմ Քարաբինան պատմել է, որ ամուսնուն ձերբակալելու ընթացքում թուրք գործակալներն իր և իրենց տղայի նկատմամբ նույնպես բռնություն են կիրառել:
«Նրանք կրում էին տեղական ոստիկանների համազգեստ և մեր շուրջը գտնվող մարդիկ մեզ չէին օգնում, կարծելով, թե նրանք իրական ոստիկաններ են: Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, ահա, ձեռքիս սպին: Սպիեր կան նաև տղայիս կրծքին»,ասել է նա:
Առևանգվածների փաստաբաններն իրենց կողմից անհանգստություն են հայտնում: Նրանց խոսքով, իրենց պաշտպանյալների առողջությունն ու նույնիսկ կյանքը թուրքական կողմի ձեռքերում վտանգված է:
«Մենք մեր պաշտպանյալի մասին որևէ տեղեկություն չունենք: Իշխանությունները մեզ ոչինչ չեն հայտնում», -նշել են փաստաբանները:
Փաստաբան Լեութրիմ Սիլայի խոսքով, Թուրքիայում առեւանգված ուսուցիչները խոշտանգումների կենթարկվեն:
Ուսուցիչների առեւանգումը քննադատության լայն ալիք է բարձրացրել Կոսովոյում, առավել ևս՝ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե իբր փորձել են իշխանափոխություն կատարել Թուրքիայում, լուրջ փաստեր չի ներկայացնում:
Դպրոցների սաները պահանջում են ետ վերադարձնել իրենց ուսուցիչներին:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին (1998 թվականից վտարանդիության մեջ է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում) մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ:
Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
«Հիզմեթ Հարեքեթի» կրոնական կազմակերպությունը համարվում է նաեւ Նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: