«Օրը երկու անգամ առավոտյան և երեկոյան Հանրապետության հրապարակից ավտոբուսները շարժվելու են մի քանի ուղղություններով»
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում հոկտեմբերին Հայաստանում սպասվում են մոտ 5 հազար այցելուի: Այս մասին Երևանում «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Այսօր հյուրանոցային համարները ցուցակագրված են, հաշվի ենք առել, նաև Ծաղկաձորն ու Աղվերանը: Մենք պատրաստ ենք ընդունելու հյուրերին: Մեր դերը, որպես Զբոսաշրջության կոմիտե, Հայաստանում գտնվելու ժամանակ նրանց ժամանցը ապահովելն է: Շատ հետաքրքիր ծրագիր ենք կազմել, օրը երկու անգամ առավոտյան և երեկոյան Հանրապետության հրապարակից ավտոբուսները շարժվելու են մի քանի ուղղություններով»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Նա նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է: Այսօր Հայաստանում կա 540-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որի մոտ 40 տոկոսը մայրաքաղաքում է, մնացածը մարզերում:
««Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացմամբ նոր ծառայություներ են առաջարկվում: Երևանում իր ներկայությունն է ունենում բարձր դասի հյուրանոց, ինչը զբոսաշրջության համար բավական կարևոր է: Այսպիսի հյուրանոցի պահանջարկ այսօր Հայաստանում կա: Ինչպես գիտենք, մենք ակտիվ աշխատանք ենք տանում նոր շուկաներ մուտք գործելու համար, թիրախավորել ենք արաբական երկրները, որտեղից եկող այցելուների համար հյուրանոցային պայմանները շատ կարևոր են»,-ասաց նա:
Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ:Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 53,9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, աշխատատեղերի թիվն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի: