
Պուտինը Թուրքիայում կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Էրդողանն ու Պուտինը կնախագահեն խորհրդի նիստում, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Այցի շրջանակում նույն օրը՝ ապրիլի 3-ին տեղի կունենա «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:
Արդեն ապրիլի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ տեղի կունենա Թուրքա-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպում Սիրիայի թեմայով:
Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման և շինարարության մասին համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլար է:
Թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին։