«Արարատ»-ի պատանի ֆուտբոլիստները հավաք կանցկացնեն Շվեյցարիայում
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի երեք պատանի ֆուտբոլիստները Շվեյցարիայում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:
Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Ապրիլի 10-ից 22-ը «Արարատ-2005» թիմի երեք ֆուտբոլիստ Կորյուն Կիրակոսյանը, Հայկ Ավագյանը և Էրիկ Բաբայանը, մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի գլխավորությամբ կմեկնեն Շվեյցարիա՝ մասնակցելու տեղի «Ստադ Նիոն» թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաքին:
Պատանի ֆուտբոլիստները մարզվելու են շվեյցարական ակումբի` իրենց հասակակիցների հետ, իսկ մարզիչ Մաքսիմ Առաքելյանը կմասնակցի վերապատրաստման և փորձի փոխանակման «Ստադ Նիոն»-ի մարզիչների հետ: Ապրիլի 17-ին արարատցիները կմեկնեն Ֆրանսիա՝ Լիոն քաղաք, որտեղ 3 օր կանցկացնեն «Լիոն» ակումբի ակադեմիայում:
Այդ ժամանակահատվածում «Լիոնի» սաները մասնակցելու են պատանեկան Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, իսկ «Արարատ»-ի ֆուտբոլիստները մարզվելու են նրանց հետ: