Թաթուլ Շուշանյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Լոռու մարզի Քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ, Թաթուլ Շուշանյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից:
Նախօրեին դատարանը բավարարել է քննիչի կողմից Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Պաշտպանը նշեց նաև, որ կալանքի տակ պահելու նոր հիմքեր վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել, ինչ վերաբերում է Շուշանյանի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելուն, ապա այս դեպքում էլ, որևէ գործողություն չի կատարվել, թեև Շուշանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց և այլ գործողությունների մասնակցելուց, սակայն քննիչի կողմից առաջարկ էլ չի եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել փետրվարի 6-ին, և նրան նույն օրը կալանավորել են, իսկ ենթադրյալ կաշառքի գումարի չափը մեղադրանքում նշվում է 5000 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Նշված քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել՝ ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ, և դրանց հիման վրա քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՔԾ:
Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է:
Այդ գործի շրջանակներում պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորել են ևս երկու քննիչ: