Բաժիններ՝

«HALO TRUST»-ի ներկայացուցիչը մտահոգված է. ողբերգական պատահարը անհրաժեշտ հետևությունների տեղիք է տալիս

Արցախում տեղի ունեցած ողբերգական պատահարը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, թե մարդիկ ինչպիսի դժվարությունների են առնչվում՝ ականապատ տարածքները բնակչության համար դարձնելով անվտանգ։ Այս մասին նշել է «HALO TRUST»-ի արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը՝ «ՀՀ»-ի հետ զրույցում՝ առայժմ չշտապելով պատահարին գնահատականներ տալ:

Դեպքը մանրազնին քննվում է, եւ հանրությանը անպայման իրազեկ կպահվի ողբերգության հետաքննության մասին։ «Մենք սերտորեն համագործակցում ենք Արցախի իրավապահ մարմինների, երկրի իշխանությունների հետ։ Առավել լիարժեք տեղեկատվություն ստանալու ակնկալիքով փորձագետներ են հրավիրվել եւ դրսից։ Աշխարհի տարբեր մասերում մեր կազմակերպության անձնակազմի մասնագետները, վտանգելով իրենց կյանքը, բարդ ու դժվարին աշխատանքներ են իրականացնում։ Արցախում տեղի ունեցած ողբերգական պատահարը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, թե մարդիկ ինչպիսի դժվարությունների են առնչվում՝ ականապատ տարածքները բնակչության համար դարձնելով անվտանգ։ Սա պիտի գիտակցեն հակամարտության բոլոր կողմերը՝ սահմանում թույլ չտալով պատերազմի նոր սրացումներ եւ ողբերգություններ»,-չթաքցնելով իր մտահոգությունը՝ նշում է Նյուտոնը։

Վիրավորներ Արամ Մկրտչյանին եւ Գարիկ Ղահրիյանին վիրահատելուց հետո բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար։ Բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ալյոշա Մաղաքելյանի հավաստմամբ, վիրավորներին անմիջապես անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Վիրահատվել են Ղահրիյանի ստորին զույգ վերջույթները (ազդրի ծայրանդամները)։ Կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Արտաշես Սայիյանի խոսքով, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, քանի որ շատ արյուն է կորցրել։ Նա ունի ողնաշարի ողերի կոտրվածքներ, փայծաղի ու աջ երիկամի պատռվածքներ։ Իսկ որովայնի խոռոչում բավականաչափ արյուն կա կուտակված, եւ, բնականաբար, կրկնակի վիրահատման անհրաժեշտություն է զգացվում։ Մկրտչյանի վիճակը բաժանմունքի ղեկավարը գնահատում է կայուն ծանր (վիրահատվել են փայծաղն ու որովայնը), եւ հիվանդն այժմ թույլ դրական դինամիկայով շարունակում է ինտենսիվ բուժումներ ստանալ։ Վիրավորների առողջական վիճակին եւ բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող միջոցառումներին ծանոթանալու համար երեկ հանրապետական կենտրոն է այցելել առողջապահության նախարար Կարինե Աթայանը։

Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մահացածներն են Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս