«Նիկոլ Փաշինյանը թող նախ իր գործընկերներին համոզի, նոր գնա՝ ժողովրդի հետ քայլի, բայց, ընդհանուր առմամբ, քայլելն օգուտ է առողջությանը». Էդուարդ Շարմազանով
«Ես դեռ Ազգային ժողովում ասել եմ, որ դա կեղծ ու արհեստական քաղաքական օրակարգ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու նախաձեռնության մասին:
Հիշեցնենք, որ այսօր Ն. Փաշինյանը Գյումրիից ուղիղ միացմամբ հայտարարել է.: «Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»:
«Ուզում է՝ Հայաստանով քայլեն, գյուղեգյուղ քայլեն, ուզում է՝ գնան Կովկասով մեկ քայլեն, ՀՀ Սահմանադրությունը քաղաքական մեծամասնությանն օժտել է իրավունք ընտրել վարչապետ, և քաղաքական մեծամասնությունն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կիրականացնի իր սահմանադրական իրավունքը և նորմը: Իսկ քայլելն օգտակար է առողջությանը, ինչքան քայլի, էնքան՝ լավ»,- մեզ հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ դա արդյունավետ պայքարի միջոց է՝ Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ինձ իր քաղաքական օրակարգը չի հետաքրքրում, որ ես էլ գնահատական տամ՝ արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ: Մի բան ասեմ՝ դա կեղծ արհեստական, քաղաքական օրակարգ է, և նույնը փաստում են նաև իր «Ելք» խմբակցության երկու կուսակցությունները՝ չմիանալով այդ քայլերթին: Նիկոլ Փաշինյանը թող նախ իր գործընկերներին համոզի, նոր գնա ժողովրդի հետ քայլի, բայց, ընդհանուր առմամբ, քայլելն օգուտ է առողջությանը»: