Ռուսաստանը Հայաստան է ուղարկում պարետների
«Գյումրիի 102-րդ ռազմաբազայում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմաբազայի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմաբազայի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի սցենարներ չլինեն:
Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, որից հետո շատ ենք քննարկել, թե ինչպիսի միջոցառումների կարիք կա, հատկապես, երբ դա հանցագործության մասշտաբով շատ մեծ էր, բայց այնտեղ ու ընդհանրապես զորամասերում հաճախ են պատահում նման դեպքեր, դրանք ենթակա են ռազմական ոստիկանության աշխատանքին, զինվորականը չպետք է և չի կարող նման գործերով զբաղվել: Ռազմական ոստիկանությունն օժտված է լինելու նաև հոգեբանական աշխատանք տանելու համար պատրաստ աշխատակիցներով, քանի որ զինծառայողները հոգեբանական խնդիրներ հաճախ են ունենում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ինչպես՝ 102-րդ ռազմաբազայում, այնպես էլ՝ Երևանի կայազորում ձևավորվող Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանման մասին տեղեկատվությանը:
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս ոստիկանությունը լիազորությունների չափազանց նեղ շրջանակ է ունենալու, իրականացնելու է պարետային ծառայության գործառույթներ: Ռուս փորձագետը նաև նշել է, որ այս փոփոխությունները նախաձեռնվում են բոլոր այն վայրերում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական բազաներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: