Սուրճ վաճառողներին պարտավորեցրել են նախազգուշացնել դրա վտանգավորության մասին
Կալիֆոռնիայի դատարանը նահանգի տարածքում աշխատող սուրճ վաճառողներին՝ 90 ռեթեյլերների, այդ թվում՝ Starbucks-ին, պարտավորեցրել է գնորդներին նախազգուշացնել այդ ըմպելիքի գործածման հետեւանքով ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգի մասին: Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Reuters-ը:
Սուրճի վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ հայց են ներկայացրել մի խումբ ակտիվիստներ: Փաստաթղթում նրանք վկայակոչել են նահանգի այն օրենքը, որով գնորդներին պարտավոր են նախազգուշացնել մթերքներում այնպիսի վտանգավոր նյութերի պարունակության մասին, որոնք կարող են ուռուցքային հիվանդություններ առաջացնել: Նման քիմիական նյութերից մեկն ակրիլամիդն է՝ քաղցկեղածին նյութ, որը գոյանում է սուրճի հատիկները բովելու ժամանակ եւ մնում է սուրճի մեջ:
Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Էլիխու Բեռլն իր որոշման մեջ նշել է, որ սուրճ վաճառողները չկարողացան ապացուցել, որ ակրիլամիդն ըմպելիքի մեջ պարունակվում է ոչ վնասակար քանակություններով եւ չի սպառնում սպառողների առողջությանը: Սուրճ վաճառող ընկերությունները կկարողանան դատավճիռը բողոքարկել մինչեւ ապրիլի 10-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: