Ավելի լավ է հիմա, քան՝ հետո. Հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգային
Ոչ-ոքին էստոնացիներից և պարտությունը լիտվացիներից մի շարք հարցեր է առաջացնում Հայաստանի ազգային հավաքականի խաղի մասին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշում է, որ պետք է սպասել ավելի լավ ապագայի և ավելի լավ խաղերի, սակայն վերջին խաղերը միայն հուսահատեցնում են երկրպագուներին:
Վերջին խաղերում Արթուր Պետրոսյանի հավաքականը չցուցադրեց ոչինչ հավասար մրցակիցների հետ խաղերում: 120 րոպե՝ առանց գոլի, և ոչ համարձակ խաղ՝ հարձակման գծում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խոսքով՝ մենք խանգարեցինք ինքներս մեզ, վերջին փոխանցումը չէր անցնում, սակայն պաշտպանությունը շատ լավն էր:
Ինչպես նշում է հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը՝ լավ է, որ այս ամենը հիմա է լինում, քան հետո, երբ հավաքականը կմասնակցի Ազգերի լիգայի խաղարկությանը: Սակայն նման խաղով Ազգերի լիգայում հաջողության հասնելու հնարավորությունները նվազում են:
Արթուր Պետրոսյանը հավաքականի ընկերական հանդիպումներն օգտագործում է նոր տակտիկական լուծումներ փնտրելու համար: «Ոչ մի հատվածն էլ չգոհացրեց։ Վերջին 15 րոպեում ինչ-որ բան սկսեց ստացվել, դա էլ՝ թիմի ագրեսիվ խաղի շնորհիվ։ Մենք փորձեցինք Բալեկյանին և Ադամյանին հարձակման սուր եզրում խաղացնել, բայց ստացվեց բավական անատամ հանդիպում։ Հետո փորձեցինք խաղն ինչ-որ ձև փոխել, բայց չստացվեց։ Մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ։
Սա մեր վերջին փորձնական խաղն էր, և մեր հնարավորության չափով փորձարկումներ արեցինք՝ մեր կազմը հասկանալու համար։ Ճիշտ է, շատ ցավալի էր պարտությունը, մեր խաղը լավ չստացվեց, բայց մարզչական շտաբի համար շատ կարևոր է բոլորին գործի մեջ տեսնելը։
Երբ Բելառուսին կամ Կիպրոսին հաղթում էինք, երկրպագուներն ասում էին, որ դա ընկերական հանդիպում է, ոչ մի նշանակություն չունի, իսկ հիմա, երբ պարտվել ենք՝ դա մեծ պատմություն է դարձել։ Նորից կրկնեմ՝ մեր գլխավոր խնդիրը ոչ թե արդյունք ապահովելն էր, այլ փորձարկումներ կատարելը և թիմին պաշտոնական խաղերին պատրաստելը։ Փորձարկումներն ավարտվեցին, և մենք մյուս խաղերում կվերադառնանք Բելառուսի կամ Կիպրոսի հետ խաղերում ցույց տված խաղամակարդակին, եթե ոչ՝ ավելի լավ։ Եվ այդ դեպքում, հուսամ, երկրպագուները չեն հիասթափվի»,- Լիտվայի հետ խաղից հետո նշում է Արթուր Պետրոսյանը՝ խոսելով փորձարկումների և դրանց արդյունավետության մասին:
Հավաքականի գլխավոր մարզիչն ընկերական խաղերում ակտիվորեն փորձարկում է նաև նորեկներին: Արթուր Պետրոսյանը նորեկ ֆուտբոլիստներից գոհ էր: Նրա խոսքով՝ նոր դարպասապահ Արամ Հայրապետյանը դրվագներում շատ լավ հանդես եկավ, իսկ Բրիասկո-Բալեկյանը, ով չուներ խաղային պրակտիկա վերջին շրջանում, կարողացել է հարմարվել թիմին և իր որակներով կարող է օգուտ տալ հավաքականին:
«Նորբերտոն արժանի ֆուտբոլիստ է։ Մի մոռացեք, որ նա Արգենտինայից նոր է ժամանել Հայաստան, նոր միջավայր, նոր թիմ, նոր խաղընկերներ, նոր մարզիչ։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Ես վստահ եմ, որ նա ապագայում կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»,- նշում է Արթուր Պետրոսյանը:
Արդարության համար պետք է նշենք, որ հավաքականն այս շրջանում ունի լուրջ կադրային խնդիրներ: Այս խաղերում չէին խաղում այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Արթուր Սարկիսովը, Ռուսլան Կորյանը, Էդգար Մանուչարյանը, Դավիթ Մանոյանը, Հովհաննես Համբարձումյանը և Մարկոս Պիզելին:
Առջևում հավաքականին սպասվում է Ազգերի լիգայի խաղարկությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է չորրորդ խմբում, որտեղ Արթուր Պետրոսյանի թիմի մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիան, Լիխտենշտեյնը և Ջիբրալթարը: Խաղերը կկայանան սեպտեմբերից մինչև նոյեմբեր:
Սիրարփի Աղաբաբյան