
ԱՄՆ-ն վերականգնել է GSP ռեժիմը Հայաստանից արտահանողների համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության կայքը: Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տարվա սկզբից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածն այն ընկերությունները, որոնք ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, հետ կստանան իրենց գումարները:
Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝Հայաստանից, կարող է արտահանվել ԱՄՆ արտոնյալ պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսային վճարների: