Կարմրուկի ցանը սկսում է դեմքից և տարածվում ողջ մարմնով, ուղեկցվում է գրիպով, ջերմության շատ բարձրացմամբ՝ մինչև 41 աստիճան

Կարմրուկի 14 հաստատված դեպք է գրանցվել Հայաստանում տարեսկզբից: Հիվանդության տարածմանը նպաստել են պատվաստումներից հրաժարումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Պատվաստումներով կառավարվող հիվանդությունների առումով մենք իսկապես հպարտանում էինք: Հայաստանը սահմանափակ միջոցներով մեծ հաջողությունների էր հասել: Տարածաշրջանում միակ երկիրն էր, որտեղ 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր չէին գրանցվում: Սակայն ներկայում խնդիրներ ունենք՝ պայմանավորված պատվաստումից հրաժարումներով: Ցավոք, այս տարեսկզբից արդեն կարմրուկի 14 հաստատված դեպք ունենք: Հիվանդներից 12-ը պատվաստված չեն, իսկ մեկը 6 տարեկանի համար նախատեսված դեղաչափը դեռ չէր հասցրել ստանալ: Հիվանդությունը գրանցվել է տարբեր տարիքային խմբերում՝ նույնիսկ մինչև 48 տարեկան»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ կարմրուկի տարածմանը նպաստում են չպատվաստված երեխաների կուտակումները: Իրենց նպատակն է, պատվաստման բարձր ընգրկում ապահովելով, կարողանալ ազդել վիրուսի շրջանառության վրա: Սակայն տարեցտարի ավելի մեծ թվով երեխաներ չեն պատվաստվում: Եվ ոչ պաշտպանված օրգանիզմների թիվն ու վիրուսի հանդիպելու հավանականությունը մեծանում է:

Սահակյանի կարծիքով՝ պատվաստումների կրճատման պատճառները ոչ մասնագետների կողմից հակապատվաստումային ակտիվ պայքարն ու համացանցում տեղ գտած թյուր տեղեկատվությունն են:

Կարմրուկի ցանը սկսում է դեմքից և տարածվում ողջ մարմնով: Ուղեկցվում է գրիպով, ջերմության շատ բարձրացմամբ՝ մինչև 41 աստիճան: Լինում են նաև հազ, փռշտոց, աչքերի բորբոքում: Կարող է զարգանալ բարդություն՝ կարմրուկային թոքաբորբ:

Կարմրուկով վարակվելու դեպքում կորչում է նաև իմունային հիշողությունը: «Սա նշանակում է, որ մարդը դառնում է խոցելի նույնիսկ այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ պատվաստվել է: Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս: Այն հիմնականում կուտակվում է ուղեղի անոթների շուրջը և իմունային համակարգի թուլացման դեպքում 7 տարվա ընթացքում կարող է ակտիվանալ»,- նշեց ազգային ծրագրի ղեկավարը:

Կարմրուկի դեմ պատվաստումներն իրականացվում են 12 ամսականում և 6 տարեկանում: Պատվաստումից հետո ջերմության բարձրացումը նորմալ երևույթ է:

Տեսանյութեր

Լրահոս