Վրաստանի վարչապետը հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության մասին ԶԼՄ-ների հաղորդումները
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտարարելով, որ դեռ մի քանի տարի մտադիր չէ թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը։
Ավելի վաղ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր Կվիրիկաշվիլիի հնարավոր պաշտոնաթողության մասին: Այս թեման սկսել է ակտիվորեն քննարկվել վարչապետի կողմից Ռուսաստանի ղեկավարությանը հասցեագրված բաց նամակի հրապարակումից հետո, որով կոչ է արվում կարգավորել երկկողմ հարաբերությունները:
«Ռուսթավի 2»-ի տվյալներով՝ Կվիրիկաշվիլիի դիրքորոշումը նրա թիմում բնավ ոչ բոլորն են պաշտպանել: «Ցանկանում եմ ասել ի գիտություն այն մարդկանց, որոնք ագռավների պես շրջապատում են կառավարության տասնմեկերորդ հարկը եւ ժամանակաչափ դնում Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողության վրա, ցանկանում եմ նրանց հավաստիացնել, որ այդ ժամանակաչափն առնվազն մի քանի տարի չի զնգալու, ուստի թող հանգստանան, կուշտ քնեն, իսկ այդ ընթացքում Վրաստանն առաջ կընթանա»,- ասել է Կվիրիկաշվիլին մարտի 30-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: