Բաժիններ՝

Կապույտ հազից մահացած 2 ամսական երեխան պատվաստման տարիքի չի եղել

Թիրախային խմբերում այս տարի առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել: Արդյունքում ավելացել են կապույտ հազի դեպքերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց՝ հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներն են, մնացածը՝ թերի պատվաստվածները:

«Այս տարի կապույտ հազի գրեթե 7.5 անգամ աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Նախորդ տարի այս ժամանակում ունեցել ենք կապույտ հազի ընդամենը 4 հաստատված դեպք, այս տարի արդեն՝ 30: Հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներ են, մնացածը՝ թերի պատվաստվածները: Նրանց 60 տոկոսը մինչև 1 տարեկան երեխաներն են՝ կապույտ հազի համար ամենախոցելի խումբը: Այս տարիքային խմբում հիվանդությունն ուղեկցվում է բարդություններով, իսկ եթե իմունային համակարգը լավ չի գործում, կարող են լինել վատթարագույն ելքեր»,-ասաց Սահակյանը:

Խոսելով վերջին շրջանում կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպքի մասին՝ Սահակյանը նշեց՝ երեխան պատվաստման տարիքի չի եղել, սակայն վարակվել էր 2 տարեկան 8 ամսական քրոջից, ով ևս պատվաստված չի եղել:

Մինչ 1 տարեկան երեխաների համար հիվանդության բարդություններ կարող են լինել թոքաբորբը, տրախիբրոնխիտը և այլն:

Կապույտ հազի նախանշաններից են հազը, ջերմության բարձրացումը, քթահոսությունը: Ժամանակի ընթացքում հազը դառնում է երկարատև, նոպայաձև, առաջանում է խեղդվելու զգացողություն: Սահակյանը խիստ կարևորեց հատկապես մինչ 1 տարեկան երեխաներին անպայման հիվանդանոցային պայմաններում բուժելը: Պահանջվում է երկարատև հակամանրէային բուժում: Անհարժեշտ է հետևել նաև սննդակարգի, օգտագործել չգրգռող ուտելիքներ:

«Կանխարգելումը միայն պատվաստումն է: Թերի պատվաստումը ևս համաճարակաբանության տեսակետից բացասական ազդեցություն է ունենում»,-նշեց Սահակյանը:

2018-ին թիրախային խմբերում բոլոր տեսակի պատվաստումներն իրականացվել են մոտ 92 տոկոսով՝ նախորդ տարվա 94-ի համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս