Կարեն Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Վարչապետը համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: «Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք և առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման և ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և վստահ եմ, որ Դուք մեզ չեք մոռանա: Միշտ ուրախ կլինենք Ձեզ տեսնել Հայաստանում», – դիվանագետին ասել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ աշխատանքի մեծ դաշտ կա:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել համագործակցության և ջերմ հարաբերությունների համար: Հայաստանից հեռանում եմ խառը զգացողություններով, քանի որ այստեղ ինձ զգում էի ինչպես հայրենիքում: Վստահ եմ, որ Երևանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ», – նշել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս