ՉԺՀ-ի ոստիկանությունը բացահայտել է անօդաչուներով 79 մլն դոլար գումարի այֆոնների մաքսանենգությունը
ՉԺՀ-ի իրավապահ մարմինները կալանավորել են 26 մարդու, որոնք անօդաչուների օգնությամբ զբաղվում էին Հոնկոնգից Շենչժեն քաղաք (Չինաստանի հարավի Գուանդունի նահանգ) iPhone-ի նորագույն մոդելների անօրինական տեղափոխմամբ:
Ինչպես մարտի 30-ին հայտնել է «Շենչժեն տեցյույբաո» թերթը, առգրավված մաքսանենգ ապրանքի միագումար արժեքը գերազանցել է 500 մլն յուանը (ավելի քան 79 մլն դոլար): Մաքսատան տվյալներով՝ չարագործները բեռը մայրցամաքային Չինաստանից ուղարկում էին գիշերը՝ ինքնավար թռչող սարքերից կախելով փոքր պարկեր, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում էր տասական սմարթֆոն:
Ընդհանուր առմամբ այս կերպ հանցագործներին հաջողվել է տեղափոխել 15 հազար նոր iPhone-ներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում Չինաստանում: Նախկին բրիտանական միջատարածքը Չինաստանի մանացած մասից բաժանող նեղուցով յուրաքանչյուր նման առաքում տեւում էր մոտավորապես կես րոպե: Մաքսանենգության այսօրինակ դեպքը առաջին անգամ է բացահայտվել երկրում: Ինչպես տեղեկացրել է Շենչժենի մաքսատունը, այդ կապակցությամբ մոտ ժամանակներս պլանավորվում է ուժեղացնել սահմանային հսկողության միջոցները:
Հոնկոնգը 1997 թվականից ունի ՉԺՀ-ի հատուկ ինքնավար շրջանի կարգավիճակ եւ օժտված է մեծ ինքնավարությամբ: Մայրցամաքային Չինաստանի բնակիչներին այնտեղ մեկնելու համար այցագիր է պահանջվում: Որպես կանոն սմարթֆոնների նորագույն հեղինակավոր մոդելներն ամենից առաջ վաճառքում հայտնվում են հենց Հոնկոնգում:
Դրանից օգտվում են հանցագործները, որոնք հնարավոր ամեն տեսակ սխեմաներ են մշակում դրանց զանգվածային գնման եւ երկրի մայրցամաքային մաս անօրինական տեղափոխման համար, որտեղ մաքսանենգ ապրանքը սեւ շուկայում իրացվում է բարձր գներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: