«Դա առնվազն տարօրինակ և մտահոգիչ հայտարարություն է». Նիկոլ Փաշինյան
«Դա առնվազն տարօրինակ և մտահոգիչ հայտարարություն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՌԴ դեսպանատան՝ օրերս տարածած հաղորդագրության մասին:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ խնդրի վերաբերյալ ասել է, որ այս պահին հարցը քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով:
Ն. Փաշինյանը կարծում է՝ ՀՀ-ն պետք է շատ ուշադիր լինի, որովհետև Հայաստանն ամեն տարի մեր ինքնիշխանության որոշ հատված զիջում է: Նա ասաց, որ այս հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի.
«Եթե պարզվի, որ այդ ռազմական ոստիկանությունը՝ բացի ռուսական ռազմաբազայի ցանկապարտներից ներս՝ որևէ գործառույթ ունի, դա մեզ համար կլինի կատարելապես անընդունելի»: