![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեր խնդիրն այս պրոցեսում ոչ թե՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է, այլ՝ Սերժ Սարգսյանի վերադարձն իշխանության թույլ չտալն է». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/Nikol-4.jpg)
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին, որ նա ասել է, որ քաղաքացիներին իշխանափոխություն կխոստանա միայն մեկ անգամ:
Հարցին՝ հիմա Դուք խոստանո՞ւմ եք իշխանափոխություն, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Վաղը մենք մեր ճանապարհային քարտեզը կներկայացնենք, և դրանից ուղիղ 10 օր հետո Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած կլինի:
Ապրիլի 10-ին նա իշխանություն չի ունենալու: Մեր խնդիրն այս պրոցեսում ոչ թե՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է, այլ՝ Սերժ Սարգսյանի վերադարձն իշխանության թույլ չտալն է:
Ամսի 9-17-ը Սերժ Սարգսյանը ՀՀ-ում որևէ պաշտոն չի ունենալու: ՀՀ-ում կառավարություն չի լինելու, լինելու են պաշտոնակատարներ:
Արմեն Սարգսյանը ստանձնելու է պաշտոնը, բայց նա ոչ մի գործառույթ չունի ուժային և մյուս կառույցների նկատմամբ: Ազգային ժողովն այդ ուղղությամբ նույնպես լիազորություն չունի: Եթե ՀՀ քաղաքացին որոշի հաղթել, կհաղթի»:
Լրագրողներից մեկը նաև հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո խոսելով փողոցային պայքարի մասին՝ Ն. Փաշինյանն ասել է, որ այն մարդիկ, ովքեր 10 հազար դրամով իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ի օգտին, 10 հազար կամ ավելի պակաս դրամով էլ կարող են հրապարակից տուն գնալ:
Հարցին՝ այդ մեկ տարվա մեջ մեր քաղաքացիները փոխվե՞լ են, որտե՞ղ է երաշխիքը, որ հետ չեն գնա տուն, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Քաղաքական և հանրային զարգացումը փոփոխությունների գործընթաց է: Մենք էլ ենք փոխվում, մենք էլ ենք փոխվել, ու կփորձենք քաղաքական այնպիսի պրոցես հարուցել, որն ինչպես մեզ կփոխի, այլև՝ կտա հնարավորություն ազատագրվել ընտրակաշառքի գերությունից: Սա սկզբունքային հարց է»: