Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը 2017 թվականին հասել է 320 մլրդ դոլարի. ՄԱԿ
Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը միայն անցյալ տարի կազմել է 320 մլրդ դոլար: Այդ մասին մարտի 29-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Ճշմարտությունն այն է, որ կլիմայի փոփոխումը ամենաբարդ խնդիրն է, որին բախվում էմարդկությունը, եւ ես իմ պարտականությունն եմ համարում այդ մասին հիշեցնել միջազգային հանրակցությանը,-ընդգծել է նա:-Անցյալ տարի կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից տնտեսական վնասները հասել են ռեկորդային մասշտաբների՝ 320 մլրդ դոլարի:
Մթնոլորտ ածխաթթվային գազի արտանետումներն աճել են 1,4 տոկոսով՝ մինչեւ 32,5 գիգատոննա, ինչը նույնպես ռեկորդային մակարդակ է: 2017 թվականին Կարիբյան ավազանում փոթորիկների տարեշրջանը տնտեսական մեծ վնաս պատճառեց, Հարավային Ասիայում հեղեղումների հետեւանքով տուժեց 41 մլն մարդ, Աֆրիկայում երաշտից գրեթե 900 հազար մարդ հարկադրված էին լքել իրենց տները, իսկ Արկտիկայում կտրուկ կրճատվել է ծովային սառույցների մակերեսը»:
Ինչպես ընդգծել է Անտոնիո Գուտերիշը, մինչեւ 2020 թվականն անհրաժեշտ է մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների մասշտաբները կրճատել առնվազն 25 տոկոսով, իսկ «ջերմոցային էֆեկտ» առաջացնող գազերի արտանետումն անհրաժեշտ է մինչեւ 2030 թվականը սահմանափակել 42 գիգատոննայով:
«Խնդիրն այն չէ, որ մենք չգիտենք՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկել: Խնդիրն այն է, թե մենք որքան արագ կկարողանանք իրականացնել անհրաժեշտ միջոցառումները»,-եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: