Բաժիններ՝

«ԱՄՆ-ը կարող է շատ շուտով հեռանալ Սիրիայից». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Սիրիայից հեռանալ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո:

«Մենք սատկացնում ենք ԻՊ-ին, մենք շատ շուտով կհեռանանք Սիրիայից: Թող այժմ ուրիշներն այդ մասին հոգան»,- ասել է նա: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Միացյալ Նահանգների ղեկավարը խոստացել է, որ խմբավորումը կկորցնի իր կողմից բռնազավթած ամբողջ տարածքը: «Բայց մենք պատրաստվում ենք շատ շուտով հեռանալ այնտեղից, վերադառնալ մեր երկիր, որին պատկանում ենք, որտեղ ցանկանում ենք լինել»,- եզրափակել է նախագահը:

Թրամփի խոսքը լիովին հակասում է այս թեմայով ամերիկյան վարչակազմի անցյալ հայտարարություններին: Այսպես, այս տարվա հունվարին փոխնախագահ Մայքլ Փենսը պնդում էր, որ Վաշինգտոնը «հետամուտ է Սիրիայում ներկայությանը», ընդ որում ոչ միայն ԻՊ-ի ջախջախման նպատակով, «այլեւ Իրանի թշնամական ազդեցության կասեցման համար»:

Իր հերթին նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարին նշում էր, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունը պետք է դառնա կայունացնող գործոն, որը կնպաստի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող Ժնեւի բանակցային գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս