
Ֆրանսիան զորք կուղարկի Սիրիայի Մանբիջ՝ օգնելու քրդերին. Parisien

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար: Այդ մասին գրել է Parisien թերթը՝ վկայակոչելով Փարիզում «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF, արաբա-քրդական ջոկատներ) պատվիրակության ներկայացուցչին:
Մարտի 29-ին SDF-ի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Նշվում է, որ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ի զինվորականների հետ համակարգմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել է քրդական ինքնապաշտպանության ուժերն անհապաղ դուրս բերել սիրիական Մանբիջից: Անկարան հայտարարել է, որ այս պահանջի չկատարման դեպքում կարող է ռազմական գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում՝ Սիրիայի հյուսիսում իրականացված մյուս գործողությունների օրինակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: