Թաիլանդում առնվազն 20 մարդ է զոհվել ընթացքի ժամանակ բռնկված ավտոբուսում
Թաիլանդում Մյանմարից առնվազն 20 միգրանտներ են զոհվել 50 տեղանոց երկհարկանի ավտոբուսում, որը առայժմ չպարզված պատճառով բռնկվել է ընթացքի ժամանակ:
Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Nation թերթի ինտերնետ-տարբերակը: Ողբերգությունը տեղի է ունեցել Տակի նահանգի ավտոմայրուղում: Մյանմարի սահմանից օրինական եղանակով Թաիլանդ աշխատանքի եկած 47 միգրանտների նահանգի արդյունաբերական շրջաններից մեկը՝ Պաթհում Թհանի փոխադրող ավտոբուսը մարտի 30-ի ժամը մոտավորապես 00:00-ին անսպասելիորեն բռնկվել է ներսից:
Հրդեհից փրկվածները պատմել են, որ՝ բռնկումը տեղի է ունեցել ավտոբուսի սրահի միջնամասում եւ ակնթարթորեն տարածվել մեքենայի հետին մասը՝ հնարավորություն չտալով այնտեղ գտնվողներին դուրս պրծնել: Վարորոդը հասցրել է կանգնեցնել ավտոբուսը, ինչից հետո 24 ուղեւորներ, վարորդն ինքը, նրա կինն ու երկրորդ վարորդը կարողացել են դուրս գալ մեքենայից:
Ինչպես նշում է թերթը, ավտոբուսի հետեւի մասում գտնվող 20 միգրանտները ողջակիզվել են: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ վարորդի կանչով ժամանած հրշեջները արագորեն մարել են հրդեհը, սակայն ծուղակում հայտնված մարդկանց փրկել չի հաջողվել: Հրշեջներն ու ոստիկանությունը պատահածի հետաքննությունն են անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: