
Գերմանիայում գործազրկությունը մարտին ռեկորդային նվազագույն ցուցանիշ է արձանագրել

Գերմանիայում գործազրկությունը 2018 թվականի մարտին նվազել է մինչեւ 5,3 տոկոս՝ մեկ ամիս առաջ արձանագրված 5,4 տոկոսից եւ թարմացրել նվազագույն ցուցանիշը 1990 թվականին երկրի վերամիավորումից ի վեր: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի աշխատանքի տեղավորման դաշնային գործակալության տվյալները:
Ընդ որում, երկրում գործազուրկների թվաքանակը, անընդմեջ իններորդ ամսվա արդյունքներով, կրճատվել է 19 հազարով՝ մինչեւ 2,373 միլիոն: Վերանայված տվյալների համաձայն, փետրվարին ցուցանիշն ընկել է 23 հազարով, այլ ոչ թե 22 հազարով, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ: Վերլուծաբանները գործազրկության նվազում էին սպասում միջին հաշվով մինչեւ 5,3 տոկոս եւ գործազուրկների թվի նվազում՝ 15 հազարով:
Համաշխարհային առեւտրի աճի ուժեղացումը եւ ներքին պահանջարկի ավելացումը գերմանական ձեռնարկություններին թույլ են տվել ավելացնել հզորությունները եւ ընդլայնել հաստիկակազմը: Բունդեսբանկը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Գերմանիայի տնտեսության վերելքը, հավանաբար, շարունակվել է ուժեղ տեմպերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: