
Կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց մեղվաբուծությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը հավանություն տվեց «ԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն ավելացված արժեքի հարկից ազատման որոշումը երկարաձգելու նախագծին:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կառավարությունը 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստում հավանություն էր տվել ներդրումային ծրագրի շրջանակում 64.5 մլն դրամ արժողությամբ սարքավորումների ներկրման համար «ԱՆԴ» ընկերության կողմից ավելացված հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու մասին որոշմանը: «Այժմ արտոնությունը կգործի 67.1 մլն դրամ արժողությամբ սարքավորումների ներկրման համար, քանի որ ընկերությունը ձեռք է բերում 2.6 մլն դրամ արժողությամբ հակակարկտային ցանց խնձորի այգիների համար»,- ասաց փոխնախարարը։
«ԱՆԴ» ՍՊԸ-ն զբաղվում է այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կազմակերպել խնձորի ու մեղրի քացախի արտադրություն։