
Ֆրանսիայում շահագործման է հանձնվել 3D-տպիչով կառուցված առաջին բնակելի տունը

Ֆրանսիայի պատմության մեջ առաջին բնակելի տունը, որն ստեղծվել է 3D-տպագրության տեխնոլոգիայով, մարտ ամսին շահագործման է հանձնվել երկրի արեւմուտքի Նանտ քաղաքում: Այս մասին հայտնել է Ouest France տարածաշրջանային թերթը: Բնակարանային շինարարության բնագավառում ինովացիոն նախագիծն ստացել է Yhnova անվանումը: Դրա ստեղծողները պնդում են, որ խոսքը վերաբերում է համաշխարհային մասշտաբով բացառիկ տեխոլոգիայի: Բորտիեր թաղամասում տունը կառուցվել է մեկ 3D-տպիչի միջոցով:
54 ժամում շինարար ռոբոտը բարձրացրել է ապագա բնակելի տան պատերը, որի մակերեսը կազմել է 95 քառակուսի մետր: Դրա աշխատանքը կառավարել են երկու գործարկուներ: «Կարող էինք վերջացնել նաեւ 33 ժամում»,- նշել է ռոբոտն ստեղծողներից մեկը՝ Բենուա Ֆյուրեն: Միհարկանի տունն ունի հինգ սենյակ՝ սաքավորված տվիչներով, որոնք կհսկեն օդի խոնավության մակարդակը, ջերմաստիճանը, ճնշումը, որպեսզի ինժեներները կարողանան հետեւել, թե ինչպես է կառուցվածքն արձագանքում շրջակա միջավայրի ազդեցությանը:
Նանտում կառուցված տունը դասել են սոցիալական բնակարանի կարգին: Փորձարարական կառույցի մեկ քառակուսի մետրի գինը չեն հայտնում, սակայն պլանավորվում է, որ արդեն ամռանն այնտեղ կբնակվեն առաջին ապրողները: Իսկ առայժմ դրա դռները բաց են հետազոտողների, ճարտարապետների եւ դիզայներների առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: