Էրդողանը 1 ամսում 1300 րոպե հրապարակային ելույթներ է ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ժողովների, հանդիպումների, հանրահավաքների և այլ միջոցառումների ժամանակ ունեցած ելույթների ընդհանուր տևողությունը կազմել է 1300 րոպե։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս ժամանակահատվածում Էրդողանը ելույթ է ունեցել Մերսինում, Անթալիայում, Սաքարիայում, Բոլուում, Էրզրումում, Մարդինում, Դիարբեքիրում, Սամսունում, Օրդուում, Գիրեսունում և Տրապիզոնում անցկացված համագումարներում։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Էրդողանի ելույթներից հատկապես հիշարժան է մարտի 14-ին համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը․
«Հույս ունեմ, որ մինչև երեկո Աֆրինն ամբողջությամբ կընկնի»։
Հիշեցնենք, որ այս հայտարարությունից ընդամենը օրեր անց թուրքական ուժերն իսկապես լիովին իրենց վերահսկողության տակ առան Սիրիայի Աֆրին քաղաքը։
Ուշագրավ է նաև մարտի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական ժողովի ժամանակ Էրդողանի ելույթը․ «Աֆրինով ամեն ինչ չի վերջանալու։ Դեռ Իդլիբը կա, Մանբիչը կա, «Եփրատի վահան» ռազմագործողության ողջ տարածքը դեռ կա»։
Մարտի 24-ին կուսակցության շրջանային համագումարի ժամանակ Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտած ուսանողների մասին այսպես էր արտահայտվել․
«Այդ կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ երիտասարդների դեմ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում։ Մենք այդ երիտասարդներին թույլ չենք տա սովորել համալսարանում»։