«Քաղաքական դաշտում ամենահզոր դեմքը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը». Ադիբեկյանը
Քաղաքական դաշտում ամենահզոր դեմքը շարունակում է մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀԿ-ն պահպանում է ֆինանսական, թիմային հզորությունն ու կազմակերպչական մեծ ներուժը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով մոտ 100 փորձագետների՝ պատգամավորական խմբերի ղեկավարների, կուսակցության առաջնորդների, լրագրողների, իրավապաշտպանների, բիզնես դասի ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքական գործընթացների վրա քաղաքական գործիչների հզորությանը, կշռին եւ ազդեցությանը։
Նկատի է առնվել նաեւ վիճակագրությունը, ըստ որի Հայաստանի մոտ 500 համայնքների ղեկավարների 70 տոկոսը հանրապետական են, 20 տոկոսը՝ անկախ, իսկ մնացածը՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ավագանիների 3600 անդամից հանրապետական են 25 տոկոսը, մի քանի տոկոսը տարբեր կուսակցություններից, իսկ մնացածը՝ անկախ, այսինքն՝ ՏԻՄ մակարդակում գերակշռում են անկախ գործիչները։
Ադիբեկյանի խոսքով՝ հարյուրից ավելի կուսակցություններից գրանցված են մնացել դեռ 70-ը։ «Ենթադրվում էր, որ մենք պետք է ունենայինք քաղաքական դեմքերի մի մեծ բանակ, որոնք հանդես կգային որպես քաղաքական տեսակետներ, գաղափարներ արտահայտող եւ տարբեր սոցիալական խմբերի շահերը ներկայացնող դեմքեր։ Մինչդեռ իրականում պայքարի մեջ են 8-10 կուսակցություն։
Եթե դրան ավելացնենք ավելի փոքրերը որպես դաշնակիցների, ապա քաղաքական դաշտում 70-ից ակտիվություն են ցուցաբերում 15-20 կուսակցություններ։ Այդ «քաղաքական վերելակի» սղությունն ու փոքրածավալ լինելը թույլ չի տալիս, որպեսզի ունենանք քաղաքական դեմքերի մեծ բանակ եւ ընտրության հնարավորություն»,- ասաց Ադիբեկյանը։
Անդրադառնալով երկու կարեւորագույն ոլորտներին, այն է՝ ներքին տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտներին, ապա փորձագիտական հարցման վարկանիշային սանդղակում ներքին տնտեսական խնդիրներում ընտրողների մոտ 45 տոկոսը դեռ հույս է կապում Կարեն Կարապետյանի հետ, 35 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի, 20-ը՝ Գագիկ Ծառուկյանի, 10 տոկոսը՝ Արմեն Սարգսյանի, իսկ 15 տոկոսը՝ ՀՅԴ-ի, որը հանդես է գալիս որպես մեկ միասնական մարմին։ Արտաքին քաղաքականության ոլորտում մեծ առավելություն ունի Սերժ Սարգսյանը՝ 60 տոկոս, այնուհետև գալիս են Կարեն Կարապետյանը՝ 15, Արմեն Սարգսյանը՝ 30, ՀՅԴ-ն՝ 10, Գագիկ Ծառուկյանը՝ 5 տոկոս։
Քաղաքական դաշտից դուրս են եկել ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ՀԱԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Սոցիոլոգի խոսքով՝ քաղաքական սերնդափոխություն գրեթե տեղի չի ունենում, ինչի հետևանքով ապագայում կարող ենք ունենալ կադրերի պակաս։ «Նման վիճակը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ աշխարհի տարբեր երկրների։ Մենք այնպիսի դարաշրջանում ենք ապրում, երբ հասարակությունը կարիք ունի նորույթի, թարմության, անկրկնելիության, երբ դասական քաղաքական գործչի իմիջ ունեցողը կարող է հաջողություն չունենալ»,- նկատեց բանախոսը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա Ադիբեկյանի խոսքով, այն լրիվ դատարկ է, որտեղ կան երրորդական դեմքեր։ Վերջիններս կենսագրական առումով կշիռ չեն ներկայացնում, չունեն թիմ եւ ֆինանսական կարողություններ՝ որեւէ բան ձեռնարկելու։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է համարվել կենտրոնամետ, ինչը ցույց տվեց ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը։