«Փոքր հնարավորություններով մենք պետք է շատ լուրջ խնդիրներ լուծենք». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է նկատում.
Նախագահը նշեց, որ նախկինում, հատկապես՝ 2008-2008 թվականներին, բոլոր ելույթները հանգում էին ընդամենը մի խնդրի` ֆինանսների բացակայություն: Իսկ այսօր, նրա խոսքով՝ Ակադեմիան իրականացրեց ինքնագնահատում, ինչը բերել է 6-7 տարի առաջ իրենց ունեցած կարծիքին. «Այո, պետք է օպտիմալացնել, եղած միջոցներն արդյունավետ օգտագործել: Սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»։
Նա համաձայնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ, որ Հայաստանում գիտնականների թիվը մեծ չէ, բայց շեշտեց, որ խնդիրը քանակի մեջ չէ, այլ եղած մարդկանց արդյունավետ աշխատանքի.
«Եթե Հայաստանում 20 հազար գիտնական էլ լինի, էլի ես չեմ ասելու՝ շատ են: Բայց նորից եմ կրկնում` հարցը 20 հազարի մեջ չի, հարցը մի քանի հազարի արդյունավետ աշխատանքն է: Երբ, ի վերջո, կհասնենք այն արդյունքին, ինչ ակնկալում ենք, ես կարծում եմ՝ նաև պետության կողմից հավելյալ միջոցներ կտրամադրվեն: Ընդհանրապես, միշտ էլ մենք պատրաստ ենք եղել և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած միջոց տրամադրել, եթե կան կոնկրետ ծրագրեր, եթե այդ ծրագրերը հիմնավորված են, եթե ապացուցված է, որ դրանք արդիական են։
Չի եղել նման ծրագիր: Իհարկե, եթե զուտ ցանկություն կա՝ ինչ-որ բանով զբաղվելու, հասկանալի է, որ մենք չենք կարող այդ միջոցները տրամադրել, սակայն ցանկացած իրատեսական և արդիական ծրագրի համար մենք պատրաստ ենք միջոցներ գտնել։ Մենք պայմանավորվել ենք և շարունակելու են իրականացնել ծրագրային ֆինանսավորումը»։
Սերժ Սարգսյանն այլ մարմինների աշխատանքից էլ գիտի, որ բոլորը դժգոհ են իրենց ֆինանսավորումից, բոլորը համարում են, որ իրենց մասնաբաժինը քիչ է. «Միայն Հայաստանում չէ այդպես: Նույնիսկ այն երկրներում, որտեղ հասել են բարեկեցության շատ բարձր աստիճանի, որտեղ հասել են գիտության հսկայական ֆինանսավորման, բոլորն ասում են, որ ֆինանսավորումը քիչ է: Ֆինանսները չհերիքելու հատկություն ունեն։ Եվ ընդհանրապես, ոչ միայն գիտության մեջ, բոլոր ոլորտներում էլ ֆինանսավորումը չի հերիքում, եղածով պիտի կարողանանք բավարարվել»։
Նա կարևորեց նաև գիտության ոլորտում սերնդափոխության խնդրի արդյունավետ լուծումը. «Հաշվետվությունից էլ ես տեսնում եմ, որ փոփոխություններ են լինում գիտական կենտրոնների, ինստիտուտների կազմում, բայց կիսում եմ այն կարծիքը, որ մենք այստեղ կարող ենք խնդիրներ ունենալ: Այս առումով ես պատրաստ կլինեմ այս խնդրով մտահոգ մարդկանց հետ հասկանալ, թե ինչ կարող ենք անել հեռանկարային ծրագրերի առումով, եթե միայն խնդիրը կրկին չի հանգելու ֆինանսների ավելացմանը, որովհետև այդ հարցը միշտ եղել է, միշտ կա, և միայն մի դեպքում է հնարավոր ֆինանսավորումն ավելացնել, եթե մենք ամեն տարի ունենանք 2017թ. նման տնտեսական աճ: Այդ ժամանակ, բնականաբար, առանց խնդրելու, պահանջելու, առանց այդ էլ՝ ավելացնելու ենք ֆինանսավորումը»։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ խնդիրները միշտ հանգում են նրան, որ կառավարությունը և հանրությունը գիտնականներից միշտ ակնկալում է կիրառական նշանակության գործեր, և մշտապես ասում են, որ պետք է գտնել հավասարակշռված մոդել տեսականի և կիրառականի միջև. «Սա հավերժական հարց է, որը կա բոլոր երկրներում: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կարող ենք գտնել այդպիսի մի մոդել»։
ՀՀ նախագահը վստահեցրեց, որ միշտ էլ ունեցել են ցանկություն և օգտագործել են բոլոր հնարավորությունները Հայաստանում գիտությունը զարգացնելու համար. «Միգուցե մեզ չի հաջողվել հատկացնել այնքան միջոցներ, որքան բավարար է դրա համար, սակայն մյուս կողմից էլ՝ մենք պիտի հասկանանք, որ քիչ եկամուտներից քիչ բաժին է հասնում, եկամուտները կավելանան, պետության բաժիններն էլ կավելանան, մենք այլ ճանապարհ չունենք: Եվ զարգացման միակ ճանապարհն այստեղ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելու մեջ է: Դա վերաբերում է մեր բանակին, մեր անվտանգությանը, բոլոր ոլորտներին»։
Եզրափակելով խոսքը` Սերժ Սարգսյանը համոզվածություն հայտնեց, որ հայ ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում միշտ պահանջված է եղել. «Եվ դուք, և ձեզանից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու, և այդ գործը պետք է անել, ցավոք սրտի, սուղ միջոցներով: Փոքր հնարավորություններով մենք պետք է շատ լուրջ խնդիրներ լուծենք»։