«Բուհի հեղինակությանը հարվածելը կեղծ օրակարգ է». իրավապաշտպան

«Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) բարձրաձայնված խնդիրների մեջ անընդհատ նշվում է կոռուպցիան, կոնկրետ օրինակներ են բերվում:

Հայաստանն անընդհատ շեշտում է կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, յուրաքանչյուր նոր վարչապետ նոր հանձնաժողով է ստեղծում, խոստումներ է տալիս, համաշխարհային հանրությունը Հայաստանին օգնելու նախապայման դնում է մեր երկրում կոռուպցիայի հաղթահարումը, սակայն որևէ կերպ կոռուպցիան հաղթահարելու ցանկություն չկա»,- անդրադառնալով ՇՊՀ-ում տիրող իրավիճակին՝ 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ ՇՊՀ-ում առկա խնդիրները լուծելու փոխարեն՝ այդ ամենը երկրորդ պլան է մղվում, և առաջին պլան են մղվում կեղծ բաներ՝ բուհի հեղինակությանը հարվածելը, որը կեղծ օրակարգ է: Դա քնացնելու, սվաղելու աշխատաձև է, որը բնորոշ է իշխող համակարգի ամենատարբեր ինստիտուտներին:

Իրավապաշտպանի խոսքով, զուտ մարդկային առումով իր համակրանքը բողոքող ուսանողների կողմն է՝ իրենց դիրքորոշման և սկզբունքայնության համար, քանի որ խոսքը մանկավարժական համալսարանի, պատմության ֆակուլտետի ուսանողների, այն մարդկանց մասին է, որոնց մենք պետք է վստահենք մեր երեխաների և թոռների կրթությունն ու դաստիարակությունը:

Կարդացեք նաև

«Այդ առումով այդ ուսանողներն ավելի լավ քննություն բռնեցին, քան այն ուսանողները, որոնք շատ պասիվ դիրքորոշում ունեցան: Իրենք ենթադրում են, որ դա իրենց չի վերաբերում, կամ որոշակի ճնշումների պատճառով գերադասել են պասիվ, հայեցողական դիրքորոշումը: Նույնը վերաբերում է դասախոսներին:

Պարզ է, որ բարձրաձայնվող խնդիրները Շիրակի համալսարանում կան, և դրանք առկա են շատ ավելի երկարաժամկետ ժամանակահատվածում:

Փորձել չլուծել դրանք, փորձել ձգձգել, որպեսզի այլ բողոքների նման, այս դեպքում ևս բողոքողները որևէ բանի չհասնեն, լավագույն լուծումը չէ: Երբ խոսքը վերաբերում է մանկավարժական բուհին, մարդիկ, ովքեր բուհը ղեկավարում են, ճիշտ մոտեցումներ դրսևորելու ունակ չեն: Իրենք փորձում են մարել հրդեհը, ոչ թե վերացնել դրա՝ ամեն պահի առաջանալու պատճառները:

Մեծ թվով տարօրինակ բաներ կան, որոնք բացահայտվեցին. բուհերի անթույլատրելի չափի քաղաքականացված լինելը, բուհերին որպես գործիք ընտրությունների ժամանակ օգտագործելը, որոնք ցույց են տալիս՝ խնդիրները, որոնք կան ՇՊՀ-ում, և մարդիկ, որոնք կոչված են դրանք լուծելու. թե´ համալսարանի ղեկավարությունը, թե´ Կրթության և գիտության նախարարությունը համարժեք չեն»,- ասաց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:

Ըստ Ս.Մարտիրոսյանի՝ ՀՀ ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի այցի մասին իրեն շատ բան հայտնի չէ, քանի որ այն տեղի է ունեցել փակ դռների հետևում.

«Ես չգիտեմ՝ ի՞նչ կար այդտեղ թաքցնելու. ուղիղ հակառակը, առավելագույնս բաց քննարկում պետք է լիներ բոլոր կողմերի՝ բողոքող ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: Լրատվամիջոցները ևս պետք է այդ քննարկմանը ներկա գտնվեին, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ դառնում է դռնփակ՝ կառավարության նիստերից՝ մինչև Երևանի ավագանու նիստեր:

Նաև նշեմ, որ բուն նախարարի այցն իմ վրա տխուր տպավորություն թողեց փակ գործելաոճի պատճառով: Այն պատառիկները, որոնք մենք լսեցինք մամլո ասուլիսի ժամանակ, խեղճուկրակ բառապաշարը նախարարի խոսքն ավելի համոզիչ չդարձրեցին:

Ընտրվել էր վատագույն տարբերակը՝ ո´չ թե խնդիրը լուծել, բազմակողմանիորեն քննարկել բոլոր կողմերի մասնակցությամբ, այլ ձգձգել և շարունակել հանցավոր տարբերակով այն աշխատաոճը, որը բնորոշ է և´ ավելի բարձր էշելոններին, և´ իրավապահ համակարգին, պարզվում է՝ նաև բուհին: Առանձին-առանձին աշխատել ամեն մեկի հետ, փորձել ճնշել, ահաբեկել, վախեցնել, ինչ-ինչ դեպքերում՝ սիրաշահել, այդպիսով փորձել այնպես անել, որ նմանատիպ խնդիրները որևէ կերպ բարձրաձայնող չլինի: Որպես լավատեսորեն տրամադրված մարդ՝ ես ավելի մեծ սպասելիքներ ունեի, սակայն դրանք չարդարացան»:

Ս.Մարտիրոսյանի խոսքով՝ բողոքող ուսանողները Սախարովի անվան մարդու իրավունքների Գյումրու գրասենյակ չեն դիմել, պարզապես մի անգամ ասուլիս կազմակերպելու համար տարածք են խնդրել.

«Այդ հանդիպման ժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնել իրենց աջակցել ցանկացած հարցում, այդ թվում՝ օրենսդրության կամ համալսարանի կանոնակարգային փաստաթղթերի վերաբերյալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս