Բաժիններ՝

«Jusqu’ici tout va bien». Սերժ Ավեդիքյանը՝ նոր ներկայացման մասին

Խնդիրները, որ հավաքվել են ներսումդ, մի գեղեցիկ երեկո կվերածվեն վիճաբանության, ցավի, չհասկացված պահանջների, մինչև անգամ դռների որոտող բախումների: Ցանկացած վեճ կլուծվի, եթե միայն կարողանաս հաղթահարել ներսումդ գլուխ բարձրացրած խնդիրները: Հայրերի և որդիների պայքարը արդիական է մնում անգամ 21-րդ դարում՝ այս կամ այն ձևաչափով տեղ գտնում արվեստի ստեղծագործություններում:

Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի հետ զրուցել ենք վերջին թատերական ներկայացման մասին՝ «Jusqu’ici tout va bien» («Դեռևս ամեն ինչ լավ է»), որտեղ ներգրավված է ինքը՝ մարմնավորելով ընտանիքի հոր՝ Սերժիոյի դերը:

– Այս ներկայացումը մի խումբ երիտասարդ բեմադրիչների հետ արված աշխատանք է՝ այսպես կոչված «Նոր ալիքի» ոճում: Հենց հիմա մենք գտնվում ենք ֆրանսիական Տուր քաղաքում, որտեղ մասնակցում ենք ժամանակակից թատերական փառատոնին, որի շրջանակներում էլ նախատեսվում է ներկայացման երկրորդ ցուցադրությունը: Պրեմիերան տեղի է ունեցել Օբյուսոն քաղաքում: Սա ինքն իրենով շատ հետաքրքիր, ակտիվ ու երիտասարդական աշխատանք է՝ կառուցված խելացի դրամատուրգիական լուծումներով: Ներկայացման ամենահետաքրքիր հատկանիշն այն է, որ շատ բարդ է, բայց միաժամանակ նաև շատ թեթև խաղով, որն իր մեջ պարունակում է հումորի մեծ չափաբաժին: Խնդիրը չորրորդ պատը՝ հանդիսատեսին կոտրելն է:

Կարդացեք նաև

Դա այն է, երբ դերասանները խաղում են ներկայացումը՝ հանդիսատեսին ներգրավելով դրա ընթացքի մեջ: Այս փառատոնում մասնակից գրեթե բոլոր ներկայացումներն իրենց խաղի մեջ են ներգրավում դահլիճում ներկա հանդիսատեսին: Այլ կերպ ասած՝ հանդիսատեսը դառնում է քո պարտնյորը: Ներկայացման ընթացքում դու կարող ես զրույցի բռնվել հանդիսատեսի հետ, իհարկե, առանց իր պատասխանին սպասելու: Ներկայացման մեջ առկա են նոր տեխնոլոգիական մոտեցումներ, օգտագործվում են երաժշտական գործիքներ:

– Ինչի՞ մասին է պատմում պիեսը:

– Սա ընտանիքի և սերունդների հարաբերությունն է՝ կապված անցյալի և ներկայի հետ: Ես խաղում եմ հոր դերը: Ընդհանուր առմամբ սա ունիվերսալ կոնֆլիկտ է այն մասին, թե ինչպե՞ս են ծնողները թողնում երեխաներին, որպեսզի նրանք հեռանան, կամ բաց չեն թողնում նրանց՝ ազատ կյանքի համար, միաժամանակ նաև այն մասին, թե ինչպե՞ս ծնողներին չի հաջողվում երեխաներին փոխանցել իրենց ներսի ցավը: Միշտ չէ, որ երեխաները կարողանում են հասկանալ, որ ծնողները տառապում են այն բանից, որ երեխաները հեռանում են:

Ծնողները որբանում են, որովհետև իրենց ողջ կյանքը նվիրել են երեխաներին: Սա շատ զգայուն և ունիվերսալ մի թեմա է, բայց որպես թատերական ոճ՝ շատ թեթև, հումորով լիքն է: Ներկայացման ընթացքում ամեն դերասան օգտագործում է իր անունը: Իմ անունը, օրինակ, ներկայացման մեջ Սերժիո է: Սա նշանակում է, որ քո մարմնավորած կերպարը դու ես, բայց դու միաժամանակ նաև դու չես, այլ իրականում կերպարն է:

– Ինչպե՞ս է գրվել պիեսը:

– Պիեսը գրել ենք բոլորով միասին, հիմքում ինպրովիզացիաներն են: Պիեսը շարունակում է գրվել նաև բեմի վրա՝ փորձերի ժամանակ: Յուրաքանչյուր ցուցադրության ընթացքում, հենց բեմի վրա նոր փոփոխություններ են կատարվում, ինչ-որ բաներ ավելանում կամ պակասեցվում են: Պրոցեսն այսպիսին է՝ ամեն ինչ ձայնագրվում է, հետո սղագրվում, որից հետո պիեսի երեք բեմադրիչներն իրենք են որոշում՝ ինչը պետք է մնա, և ինչը՝ ոչ: Կարելի է ասել, որ սա ստատիկ պիես չէ, բայց կդառնա այդպիսին, երբ հասնի իր վերջնական կատարելագործմանը:

Այս ամենով հանդերձ, իհարկե, կա հիմք, կա դրամատուրգիա, կա սցենոգրաֆիա, առաջին, երկրորդ և երրորդ մասեր: Առաջին մասում գործողությունները կատարվում են հյուրասրահում, բայց սրան զուգահեռ՝ գործողություններ են կատարվում նաև բեմի մյուս՝ անտեսանելի մասում, որը խոհանոցն է: Երբ բեմը պտտվում է, և առաջին պլան է գալիս խոհանոցը, հանդիսատեսը խրոնոլոգիայով կարողանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, երբ ինքը դա չի տեսել:

Այսինքն, ըստ էության, երկրորդ մասում պիեսը նորից է սկսվում, և հանդիսատեսը տեսնում է այն, ինչ չէր տեսել բեմի այն կողմում, երբ պերսոնաժները գնում և հետ էին վերադառնում խոհանոցից: Ինչ-որ իմաստով՝ նաև հանդիսատեսն է կառուցում պիեսի ընթացքը:

– Ինչպիսի՞ն է լինում հանդիսատեսի արձագանքը նման նորարար, իր համար անսովոր լուծումներին:

– Անսպասելի կերպով՝ շատ ակտիվ: Հանդիսատեսը բարձրանում է բեմ, այսինքն՝ մենք նրան հրավիրում ենք բեմ և հենց բեմի վրա թեյ ենք հյուրասիրում: Գործողությունները կատարվում են Սուրբ Ծննդյան գիշերը: Պիեսն ավարտվում է մի երեխայի մասնակցությամբ, ով մտնելով բեմ՝ մոտենում է տոնածառին և վերականգնում այն, ինչ կոտրվել էր մինչ բեմում իր հայտնվելը:

– Փաստորեն «կոտրվածքներ» ևս եղել են…

– Այո: Սա մի պերսոնաժ է՝ կարելի է ասել, Սուրբ Ծննդյան ոգին, փողոցային երիտասարդ, որ գալիս է հանդիսատեսի շարքերից ու մտնում է բեմ: Հանդիսատեսը մի պահ կարծում է, թե սա իսկապես իր շարքերից ելավ կամ դրսից եկած ինչ-որ մեկն է, ով իր միամտությամբ ու պարզությամբ այնպես է անելու, որպեսզի բոլորը խոստովանեն ճշմարտությունը, որ թաքնված էր ողջ ներկայացման ընթացքում:

Սա արդեն պիեսի երրորդ մասն է, որտեղ այս կերպարի միջոցով ի հայտ են գալիս բոլոր ողբերգությունները: Այդ կերպարն այս ընտանիքի կորցրած զավակն է, որ ժամանակին մահացել էր: Այս մասին հանդիսատեսը գլխի է ընկնում միայն ներկայացման ավարտին և շատ նուրբ ձևով, երբ տղան խոստովանում է, որ ինքը կարող էր լինել այդ երեխան:

– Ինչպե՞ս եղավ համագործակցությունը՝ այսչափ նորարար և երիտասարդ թիմի հետ:

– Այսպիսի ոչ կոմերցիոն և շատ ժամանակակից թատրոնը կարող է իրականացվել միայն այն մարդկանց միջոցով, ովքեր որոշակի մտերմություն և մտածելակերպի նկատելի ընդհանրություններ ունեն: Այս թիմը՝ երիտասարդների հետ, հենց այդպես է հավաքվել: Նրանք ծանոթ էին ինձ նախկինում ունեցած թատերական ներկայացումներից: Բացի այդ, այս ներկայացման բեմադրիչներից մեկը տղայիս՝ Հովնաթանի ներկայացումներից մեկի բեմադրիչն է (ներկայացումն ունի երեք բեմադրիչ):

Այսինքն, որ այսպիսի համագործակցությունը չի կարող հիմնված լինել միայն պրոֆեսիոնալիզմի վրա: Սա այն գործերից է, որը պետք է ցանկանաս անել, տրամադրվես անելու համար, որովհետև սա նոր փորձ է թատերական կյանքում: Ես 62 տարեկան եմ ու թատերական կյանքում բավականին մեծ փորձ ունեցող մեկը, բայց այս ներկայացումն ինձ համար դարձավ ու կմնա՝ որպես կարևոր մի փորձ:

– Առիթ կունենա՞նք ներկայացումը տեսնել նաև Երևանում:

– Առհասարակ իմ հաջորդ սեզոնը շատ թատերական է լինելու: Ապրիլի սկզբին երկու ներկայացում էլ խաղալու ենք Դեզիե քաղաքում, հաջորդ թատերաշրջանում՝ Փարիզում, որից հետո մեծ հյուրախաղեր են նախատեսվում, որովհետև և թիմն է ճանաչված, և պիեսն էլ կարծես հետաքրքրել է հանդիսատեսին: Այս ներկայացմամբ Հայաստան գալ շատ կցանկանայի: Կարծում եմ՝ արժանի է, որպեսզի հայաստանյան երիտասարդությունը ևս տեսնի, թե ինչ գործեր են անում հենց հիմա Ֆրանսիայի թատերական կյանքում այստեղի երիտասարդները:

Սա ժամանակակից թատրոնի երիտասարդական ոճի ներկայացում է: Այստեղ, թատերական փառատոնի ընթացքում, ես մի քանի ներկայացումներ նայեցի և մի շարք նմանություններ նկատեցի մեր այս ներկայացման հետ: Դատելով այդ նմանություններից՝ հասկանում ես, որ նոր սերունդն օդի մեջ հենց այս լեզուն է փնտրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս