«Ելքը», ամենայն հավանականությամբ, վարչապետի միասնական թեկնածու չի առաջադրի
«Այն ճանապարհային քարտեզը, որը մեզ ներկայացվել է ժամանակին, որը հետագայում փոփոխությունների է ենթարկվել, և դրանից մենք դեռևս տեղյակ չենք, մենք այս պահի դրությամբ չենք պատրաստվում միանալ, որովհետև բազմաթիվ խնդիրներ ենք այնտեղ տեսնում»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով իրենց դաշինքի անդամ Քաղաքացիական «պայմանագիր» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին:
Նրա խոսքով՝ իրենք դեռևս չեն հավատում այդ ճանապարհով ինչ-որ բան փոխելուն. «Մենք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման դեմ պայքարում ենք մեր ստեղծման առաջին օրվանից, ամեն մարդ, որը միանում է «Լուսավոր Հայաստանին» կամ «Ելքի» կուսակցություններից որևէ մեկին, դա պայքար է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել հաղթանակի: Ամեն անդամակցած մարդ ինչ-որ մեկն է, որը չի քվեարկելու Սերժ Սարգսյանի կուսակցության օգտին»:
Խոսելով ճանապարհային քարտեզի վերաբերյալ ունեցած իրենց հակասությունների մասին՝ Գ. Գորգիսյանն ասաց, որ գլոբալ խնդիրը ճանապարհային քարտեզի հետ կապված չի եղել, այլ՝ այնտեղ դրվող խնդիրների.
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք մղելու, պետք է ինստիտուցիոնալաստեղծ գործունեություն ծավալել: Մենք նույնպես մեր ճանապարհային քարտեզն ենք իրականացնել, որը նույնպես փողոցային տարրեր էր ենթադրում, բայց այն անձի դեմ չէր, այլ մեր թեկնածուին սատարելու միջոցառումներ էր ենթադրում: Նույն կոնցեպտ ուներ նաև «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզը»:
Գ. Գորգիսյանի խոսքով՝ երբ մարդիկ առանց ինստիտուցիոնալ զարգանալու՝ փորձել են հանպատրաստից գրավել իշխանությունը, երբեք դա հաջողությամբ չի պսակվել:
Գ. Գորգիսյանն ասաց, որ ինքը զինված հեղափոխությանը չի հավատում. «Եթե մարդիկ հավատում են դրան, ես չեմ կարող նրանց խանգարել: Մենք ունենք մեր գաղափարները, մոտեցումները, ուղղակի մեյնսթրիմի հետևից ընկնելով՝ մենք չենք դավաճանելու մեր գաղափարներին և մոտեցումներին»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետություն» կուսակցությունը երկուսով վարչապետի թեկնածու առաջադրեն՝ Գ. Գորգիսյանը պատասխանեց, որ չի կարծում, որովհետև դա ի սկզբանե «Ելքի» գործունեության ծրագիր է եղել, բայց քանի որ հիմա կա ՔՊ-ի առանձին գործունեությունը, իրենք մտադրություն ունեն չխանգարել նրանց:
168.am-ի հարցին՝ այդ սկզբունքային հարցում դաշինքում եղած տարաձայնությունը եթե անգամ չհանգեցնի դաշինքի փլուզման, ինչպե՞ս կարող է անդրադառնալ դաշինքի հետագա գործունեության արդյունավետության վրա՝ Գ. Գորգիսյանն այսպես պատասխանեց. «Գիտակցելով դաշինքի գոյության կարևորությունը, ամեն ինչ անում ենք, որպեսզի այն շարունակի բնականոն աշխատել: Կարծում եմ՝ խնդիրներ կլինեն այսքանից հետո, բայց վստահ եմ, որ մենք կկարողանանք այդ ամենը հաղթահարել»: