Բաժիններ՝

Դրամական միջոցների արտահոսքը հունվարին կտրուկ աճել է

2018 թվականի հունվարին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 94.7 մլն դոլար՝ 2017 թվականի հունվարի 84.3 մլն դոլարի դիմաց։ Դրամական փոխանցումների ներհոսքն, այսպիսով, աճել է 10.7 մլն դոլարով կամ 12.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2018 թվականի հունվար ամսվա տեղեկագրից։

Ամենից շատ փոխանցվել է Ռուսաստանից՝ 51.8 մլն դոլար (2017 թվականի հունվարին ցուցանիշը 43.5 մլն դոլար էր։ Դրամական փոխանցումների ներհոսքի երկրորդ աղբյուրը ԱՄՆ-ն է՝ 12.3 մլն դոլար, որը 1.6 մլն դոլարով ավելի շատ է 2017-ի հունվարի ցուցանիշից։
Երրորդ տեղում Գերմանիան է, որտեղից փոխանցվել է ավելի քան 3 մլն դոլար։

Նույն ժամանակահատվածում, սակայն, դրամական միջոցների արտահոսքը ավելի շատ է աճել։ Այսպես, եթե 2017 թվականի հունվարին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր փոխանցվել էր 42.6 մլն դոլար, այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է 74.3 մլն դոլար։ Արտահոսքը, այսպիսով, աճել է 31.7 մլն դոլարով կամ 74.4%-ով։ Այդ թվում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահոսքը 16.7 մլն դոլարից հասել է 28.3 մլն դոլարի, դեպի ԱՄՆ՝ 5.7 մլն դոլարից 13.6 մլն դոլարի, դեպի Չինաստան՝ 3 մլն դոլարից 6.8 մլն դոլարի։

Արդյունքում, դրամական միջոցների զուտ ներհոսքը կիսով չափ կրճատվել է և հունվարին կազմել 20.3 մլն դոլար (2017-ի հունվարին 41.7 մլն էր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս