«Չի բացառվում, որ Հայաստանը պարզապես չի ցանկանում գազ գնել Իրանից»․ իրանցի քաղաքագետ
«Իրանը պետք է պարզաբանի այս հայտարարությունները և բացահայտի, թե ինչ գնով է պատրաստվում գազ մատակարարել Հայաստանին, որով կավարտվեն բոլոր տեսակի խոսակցությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով իրանական գազը դեպի Հայաստան մատակարարելու խնդրին ու խոսակցություններին։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում «Ելք» խմբակցության հարցապնդման արդյունքում կրկին քննարկումների օրակարգ մտավ իրանական գազ ներկրելու թեման։
Սակայն լրագրողների հետ զրույցում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել էր, որ Հայաստանը և՛ Թուրքմենստանի, և՛ Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, սակայն այս պահին մրցունակ առաջարկ չկա:
Մենք դեռևս մրցունակ առաջարկ չունենք: Առաջարկը պետք է լինի այնպիսին, որ առաջարկվող գազի գինն ավելի էժան լինի, քան մենք ստանում ենք»:
Անդրադառնալով հարցին, որ Իրանի տարբեր դեսպաններ հայտարարել են, թե Իրանը պատրաստ է Հայաստանին նպաստավոր պայմաններով գազ վաճառել, ինչո՞ւ չի ստացվում համաձայնության հասնել, Աշոտ Մանուկյանը պնդել էր, որ Հայաստանը Իրանից մրցունակ առաջարկ չի ստացել:
Ալի Սալամիի կարծիքով, Հայաստանում ծավալված այս քննարկումները, մեղմ ասած, տարօրինակ են։ Իրանցի քաղաքագետը հիշեցրեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանները, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մի քանի անգամ նշել են, որ իրանական կողմը պատրաստ է հարմար գներով գազ մատակարարել հայկական կողմին, հասկանալով, որ Ռուսաստանից Հայաստանը գազ է ստանում բավականին էժան գնով՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր։
Ուստի, Սալամիի դիտարկմամբ, Իրանի իշխանությունները վստահաբար գազի գին առաջարկելիս այդ հարցը պետք է հաշվի առնեին։ «Հայ-իրանական բանակցություններն այս հարցի շուրջ շարունակվում են շուրջ երկու տարի, մի քանի համայնքներում սկսվել է իրանական գազի մատակարարման մեկնարկային ծրագիր երկու տարի առաջ, այսինքն՝ կար որոշակի համաձայնություն կողմերի միջև այս հարցի շուրջ, ի՞նչ պատահեց հիմա, ինչո՞ւ պարզվեց, որ իրանական կողմի առաջարկները մրցունակ և հարմար չեն, հայտնի չէ։
Մեզ հայտնի չէ նաև, թե ինչ գին են առաջարկում Իրանի իշխանությունները, բայց վստահ եմ, որ Հայաստանին պետք է հետաքրքրի այդ առաջարկը՝ նվազեցնելու համար էներգետիկ կախվածությունը «Գազպրոմից» և Ռուսաստանից, գնային տարբերությունը կարող է նաև չնչին լինել, կան երկրներ, որոնք այլընտրանք ունենալու համար չնչին տարբերությամբ երկու աղբյուրներից են գազ ներկրում։ Իմ ենթադրությունների համաձայն՝ Հայաստանը ռուսական գազի գնից էականորեն ցածր գնով գազ է ակնկալում Իրանից։
Չի բացառվում նաև, որ Հայաստանը պարզապես չի ցանկանում գազ գնել Իրանից՝ ելնելով արտաքին քաղաքական դրդապատճառներից»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին: Նրա համոզմամբ, Իրանը պետք է պարզաբանի այս հայտարարությունները և բացահայտի, թե ինչ գնով է պատրաստվում գազ մատակարարել Հայաստանին, որով կավարտվեն բոլոր տեսակի խոսակցությունները։
Ըստ իրանցի քաղաքագետի, Հայաստանը այլընտրանք ունենալու դրդապատճառից ելնելով միայն պետք է շահագրգռված լիներ իրանական գազ ներմուծելու հարցում։ Բայց, Սալամիի խոսքով, Հայաստանին գուցե այլընտրանքները չեն հետաքրքրում։ Իրանցի վերլուծաբանն ասաց, որ հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու մի շարք լուրջ առաջարկներով իրանական կողմը հանդես է եկել, սակայն միշտ քննարկվում է, թե ինչու այդ նախագծերը չեն իրականանում, հարաբերությունների ողջ ներուժը չի բացահայտվում և իրագործվում։
«Իրանական գազը միակ առաջարկը չէ։ Պատահական չէ վերջերս ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի անկեղծ դժգոհությունը և նախատինքը՝ ուղղված ՀՀ իշխանություններին։ Դեսպանը, ամենայն հավանականությամբ, տեղեկություններ ունի, որ հայկական կողմը փորձում է ամեն կերպ խուսափել հայ-իրանական հարաբերությունների զարգացումից, որոնց տրամաբանական արդյունքը պետք է լինի Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ և տնտեսական կախվածության նվազումը։
Բնականաբար, ինչ-ինչ ծրագրեր արդեն իրագործվում են, որոշները դեռ կիրագործվեն, դրանք լոկալ, փոքր ծրագրեր են, բայց գլոբալ ծրագրերի ուղղությամբ Հայաստանը կառուցողական քայլեր չի իրականացնում»,- ասաց Ալի Սալամին։
Իրանցի քաղաքագետի կարծիքով, այս իրավիճակի միակ հնարավոր բացատրությունն այն է, որ կան արտաքին խոչընդոտներ՝ պայմանավորված Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ և հայ-ռուսական հարաբերություններով։ Ըստ Ալի Սալամիի, հետաքրքրական կլինի տեսնել հայկական կողմի քայլերը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որի մասին ՀՀ նախագահը խոսեց Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։