«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում»

ՌԴ նախագահական ընտրություններում աննախադեպ հաղթանակից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Ռուսաստանը ղեկավարել է 18 տարի, առաջիկա 6 տարիների ընթացքում ստիպված է լինելու բախվել մի շարք մարտահրավերների՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում: Արևմտյան պարբերականները պնդում են, որ չնայած տնտեսական բարդագույն խնդիրներին, Պուտինը կենտրոնանալու է արտաքին քաղաքականության վրա:

Ըստ գերմանական Der Spiegel-ի, ռուս հասարակությունը Պուտինին ցույց տվեց, որ «ավելի լավ է ապրել մեկուսացման մեջ, քան զիջել»: Ըստ պարբերականի, Պուտինի արտաքին քաղաքական կուրսի առաջնահերթությունը Ռուսաստանի Դաշնության գերտերության կարգավիճակի պահպանումն է, որը կմնա ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Atlantic council ռազմավարական և միջազգային կենտրոնի դիտարկումների համաձայն, Պուտինի հետագա քայլերը նախագահական աթոռին կանխատեսելն այդքան էլ բարդ չէ: Թերևս, ըստ վերլուծական կենտրոնի, Պուտինի քաղաքականության ամենաանկանխատեսելի հատվածն արտաքին քաղաքականությունն է, քանի որ ներքին բարեփոխումներ իրականացնելու մտադրություն ՌԴ գործող նախագահը չունի: Միջազգային փորձագիտական կենտրոնի փորձագետների կարծիքով` պուտինյան քաղաքականության ստեղծարարությունը, որն ուղենիշային է, տեսանելի դարձավ վերջերս բրիտանական քաղաք Սոլսբերիում, որտեղ թունավորման միջոցով սպանվեցին սովետական գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, որն է՛լ ավելի սրեց ՌԴ-Արևմուտք առճակատումը` իրական դիվանագիտական լարվածություն ստեղծելով ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի միջև:

Չնայած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների լարվածությանը, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ռուսական ռազմական ներգրավվածությանը, ըստ միջազգայնագետների, ՌԴ արտաքին առաջնահերթությունների շարքում է նաև Հարավային Կովկասն ու Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը: Ինչպես Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ 3 ժամկետների ընթացքում, առաջիկա 6 տարիներին ևս ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակն ու բանակցային գործընթացն ազդված են լինելու ՌԴ նախագահի քաղաքականությունից:

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Էլհան Շահինօղլին կարծիք է հայտնել, որ Պուտինը նորից նախագահ է ընտրվել, և նրա դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվի, նա հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Այդ հակամարտության օգնությամբ Ռուսաստանը բռի մեջ է պահում Հայաստանին և կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա: Առանց ղարաբաղյան հակամարտության՝ Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կկարգավորվեն, և Ռուսաստանը կկորցնի իր վերջին ֆորպոստը Կովկասում»,- ընդգծել է ադրբեջանցի վերլուծաբանը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին ասաց, որ «թշնամիներով շրջապատված պաշարված ամրոցի ռեժիմը» պահպանելու համար Պուտինին անհրաժեշտ է առճակատումն Արևմուտքի հետ: Այսինքն, ըստ վերլուծաբանի, այս քաղաքականությունից ՌԴ նախագահը չի հրաժարվի:

Սակայն, Պիոնտկովսկու համոզմամբ, Պուտինը նաև հասկացել է, որ լուրջ առճակատման համար քաղաքական և ռազմական ռեսուրսներ երկիրը չունի. Ուկրաինայում «Ռուսական աշխարհ» ծրագիրը տապալվեց, Սիրիայում ՌԴ-ն ամերիկացիներից լավ պատասխան ստացավ, պատժամիջոցները ՌԴ-ի դեմ ընդլայնվեցին, և այս ամենի արդյունքում՝ Պուտինը որոշեց անցնել միջուկային շանտաժին, որն իրականում հնարավոր չէ իրագործել:

«Արևմուտքը ներկայումս ունի բոլոր գործիքները Ռուսաստանի ներսում խնդիրներ լուծելու համար, քանի որ տիրապետում է իշխանության արևմտյան բանկերում պահվող ֆինանսական ռեսուրսներին»,- նման տեսակետ հայտնեց Պիոնտկովսկին՝ հավելելով, որ նոր ժամկետի ընթացքում լուրջ ռազմական հաղթանակների ռեսուրս որևէ տարածաշրջանում Պուտինը չունի:

Հարավային Կովկասում, ըստ Պիոնտկովսկու, Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում:

«Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչն իրականում հզոր է եղել:

Հայաստանն ինքն է իրեն դրել անելանելի դրության մեջ՝ իր արտաքին քաղաքականությունը 100%-ով կողմնորոշելով դեպի Ռուսաստան, ինչը չեն արել ԵԱՏՄ անդամ մյուս երկրները նման ծավալով: Այսինքն` կա նաև Հայաստանի քաղաքականության խնդիրը, չնայած կան փորձեր՝ նաև ինչ-որ համագործակցություն ունենալ Արևմուտքի հետ, որը, բացի բարեփոխումներից, Ռուսաստանի հետ բանակցություններում լավ գործիք կարող է դառնալ: Այս հակամարտության գոտու արևմտյան ներկայությունը բավականին համեստ է եղել, դա սխալ է, որը պետք է ուղղվի»,- ասաց ռուս ընդդիմադիր վերլուծաբանը:

Նրա խոսքով, Պուտինի քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն լինի:

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն այլ կարծիքի է: Ըստ նրա՝ Ռուսաստանն ամենաակտիվ քաղաքական սուբյեկտներից մեկն է եղել, որը գործել է, որպեսզի հակամարտության գոտում պատերազմ չբռնկվի: Ժամանակ առ ժամանակ, ըստ Սկակովի, Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել ռազմական բռնկումները հակամարտության գոտում:

«Ցավոք սրտի, հարցն այն է, որ միջնորդները ճնշումներ բանեցնում են կողմերի, հատկապես՝ Ադրբեջանի նկատմամբ, սակայն կողմերի դիրքորոշումներն այնքան հակասող են և հեռու միմյանցից, որ կարգավորման մասին խոսելը պարզապես ավելորդ է, քանի որ բանակցություններին Լեռնային Ղարաբաղը դեռ չի մասնակցում, որը ցանկացած պահի կարող է չեղարկել ցանկացած համաձայնություն, որը բանակցությունների ընթացքում կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանում և Ադրբեջանում հանրային տրամադրությունները ևս թույլ չեն տալիս իշխանություններին ավելի համարձակ քայլեր իրականացնել, զիջումների դեմ բողոքի ակցիաներ անցկացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:

Ուստի երկար ժամանակի հարց է ԼՂ հակամարտության կարգավորումը, միջնորդների դիրքորոշումները և ճնշումները նույնիսկ երկրորդական են: Արևմուտքը տևական ժամանակ առաջ մղեց հակամարտության գոտում հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, բայց այդ մեխանիզմները չներդրվեցին Ադրբեջանի ցանկության բացակայության պատճառով: Հակամարտության չկարգավորումը Ռուսաստանով պայմանավորելը չեմ կարող ընդունել, չնայած կարող եմ հասկանալ, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառում հակամարտող կողմերին»,- նման կարծիք հայտնեց Սկակովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, Սկակովի կարծիքով, չափազանց կարևոր էր, որ Ռուսաստանը, մինչ խնդիրներն Արևմուտքի հետ, ապրիլյան իրադարձություններից հետո հասցրեց վերականգնել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը՝ հավասարեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հնարավորությունները, քանի որ, նրա որակմամբ, Ադրբեջանին զենք մատակարարելու Ռուսաստանի նախկին որոշումները սխալ էին, և այդ սխալն անհրաժեշտ էր ուղղել: «Ռուսաստանի ստեղծած այդ իրավիճակը կողմերից որևէ մեկին թույլ չի տա սկսել ռազմական գործողություններ հակառակորդի դեմ:

Հայտարարություններ կան, որ Ռուսաստանն այլևս զենքի նոր գործարքներ չի կնքելու Ադրբեջանի հետ, և լիահույս եմ, որ այդպես է լինելու: Պետք է իսկապես հասնել նրան, որ նոր զենքի գործարքներն այլևս չլինեն: Այս սխեմայի վրա է հիմնվելու Ռուսաստանի քաղաքականությունն ապագայում: Ապրիլյան իրադարձություններն այս հավասարակշռության արդյունքում այլևս չեն կրկնվի»,- ասաց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս