«Ընդդիմության մոտ այս պահին ռիսկային վիճակ է». Վիգեն Հակոբյան
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո հիմնական ինտրիգը լուծված է. չեմ կարծում, որ որևէ մեկն անակնկալներ է սպասում այս առումով։ Ընտրություններից հետո կսկսվի կաբինետի ձևավորումը։ Կարեն Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը կզբաղվի անվտանգության, պաշտպանության, արտաքին և ներքին քաղաքականության հարցերով, իսկ տնտեսությունը կլինի Կարեն Կարապետյանի տնօրինության տակ.
«Հասկանալի է, որ լինելու է ևս երկու փոխվարչապետ, և հետաքրքիր է լինելու նրանց, Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունները։ Դրանք կարևոր նյուանսներ են, և դրանցով է պայմանավորված, թե որքանով այսօրվա ստատուս-քվոն կպահպանվի հաջորդ կառավարությունում»։
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա քաղտեխնոլոգն ասաց, որ, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում, մի կողմից՝ կա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը և իր քաղաքական ուժը երբևէ զանգվածներին չեն հրավիրելու հրապարակ, եթե չլինի հստակ իշխանափոխության ճանապարհային քարտեզ, մյուս կողմից, ըստ Հակոբյանի՝ կա վերջին ամիսներին ակտիվ հասարակության վերաբերմունքն ընդդիմության կոչերին, ինչը ցույց է տալիս, որ զանգվածային պոռթկման նախադրյալներ չկան.
«Բայց ռեալ գնահատական իրավիճակին կարելի է տալ միայն մարտի 31-ից հետո, երբ Քաղաքացիական պայմանագիրը կհրապարակի իր ճանապարհային քարտեզը»։
Ընդդիմության մյուս սեգմենտի գործողությունների վերաբերյալ էլ քաղտեխնոլոգն ասաց, որ նրանք կարող են հույսը դնել, որ կա բողոքական զանգված, որը կարող է էմոցիոնալ թեմայի շուրջ համախմբվել.
«Բայց նման ակցիաների առաջին փորձերն իրենց համար էլ հիմքեր չեն տալիս լավատես լինելու։ Փաստ է, որ այդ ակցիաները լինելու են, բայց չեմ կարծում, թե հնարավոր կլինի այնպիսի ալիք բարձրացնել, որը փողոցը կդարձնի դե ֆակտո իշխանություն, որը կստիպի դե յուրե իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների և ձևավորել նոր իշխանություն։ Եթե չլինեն արտաքին ազդակներ, արտաքին ռեսուրսներ չմիանան, ապա ներքին ռեսուրսները բացարձակ բավարար չեն»։
168.am-ի հարցին՝ բողոքավոր զանգվածը փողոց դուրս չի գալիս, որովհետև հիասթափվե՞լ է ընդդիմությունից, թե՞ այլ խնդիրներ կան, քաղտեխնոլոգն այսպես պատասխանեց. «Կա ապատիայի խնդիր, այսինքն՝ դա պայմանավորված է նաև ընդդիմության հետ կապված հույսերի բացակայությամբ։ Երբ այդ բողոքավոր զանգվածը տեսնում է, որ նույնիսկ մի դաշինքի շրջանակում միասնություն չկա, դա բավականին պեսիմիզմի առիթ է առաջացնում։ Կա նաև հոգեբանական խնդիր․ հասարակության մի ստվար զանգված, որն ըստ գաղափարի՝ բողոքական է, սոցիալապես ցածր խավից է, այդ խավը տասնամյակներ շարունակ ներքաշվում է գործարքների նույն իշխանության հետ։ Ընտրությունների ժամանակ 10 հազար դրամի գործոնն ավելի գերակշռող է լինում, քան իրենց բողոքական տրամադրվածությունը։
Ես կարծում եմ, որ դա էլ է դառնում հոգեբանական պատնեշ, քանզի ամեն ընտրության ժամանակ ավելի շատ զանգվածներ են ներքաշվում նման գործարքի մեջ։ Այսինքն՝ որպեսզի դու կարողանաս դառնալ մարտիկ, նման հոգեբանությամբ և նման սեփական գնով դժվար է մտնել լուրջ պայքարի մեջ։ Այսօր ներքին ռեսուրսներ չեն երևում, որոնցով կարողանաս լուրջ դիմադրություն ձևավորել գործող իշխանության դեմ։
Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու վերջին օրերի դատավճիռները ցույց են տալիս, որ պրոցեսի ֆարս է գնում, այսինքն՝ Սերժ Սարգսյանն արագացնում է պրոցեսը՝ գրգռելով իրավիճակը։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող էր լինել ապրիլի 9-ից հետո, բայց նա հասկանում է հեռանկարները և փորձում ժամանակից շուտ ցայտնոտի մեջ դնել ընդդիմությանը և ակտիվ զանգվածներին մտցնել խաղի մեջ։ Այսինքն՝ ժամանակից շուտ խաղի մեջ է մտցնում դեռևս մինչև վերջ չպատրաստված ուժերի»։
Հետևաբար, ըստ Հակոբյանի՝ ընդդիմության մոտ այս պահին ռիսկային վիճակ է. «Եթե ընդդիմությունը չկարողանա լուրջ զանգվածներ հավաքել, իշխանությունը կհայտարարի, որ տեսեք՝ ձեզ չաջակցեցին, ինչպես եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակ»։