
Ադրբեջանցիները փորձել են թմրանյութ անցկացնել Ադրբեջան

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Կասպից ծովի Ադրբեջանի սահմանամերձ հատվածում լողացող նավակ են նկատել և, մոտենալով, պարզել են, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Ալիագա Ռաուֆ օղլուն և Գուլիև Սեյմուր Միրզահասան օղլուն փորձում են թմրանյութ անցկացնել երկիր:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Նավակի զննման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի 11,9 կգ թմրանյութային միջոցներ:
Ադրբեջանում 2010-2017 թթ. հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է:
Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն` 2010 թ. երկրում թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 25 հազար 489 մարդ, 2011 թ.` 26 հազար 716, 2012թ.` 27 հազար 910, 2013 թ.` 28 հազար 376, 2014 թ.` 28 հազար 656, 2015 թ.` 28 հազար 555, 2016 թ.` 29 հազար 448, 2017թ.՝ 30 հազար 131:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների:
Ադրբեջանցի որոշ փորձագետների պնդմամբ` հերոինը հիմնականում Աֆղանստանից տեղափոխվում է Իրան, Իրանից՝ Ադրբեջան, Ադրբեջանից՝ Եվրոպա: Այդ թմրանյութերը ԱՖղանստանից ձեռք են բերվում 3 մլրդ դոլարի չափով և փոխադրվելով Եվրոպա՝ վաճառվում 32 մլրդ դոլարով: