«Բյուջեում դեֆիցիտի ցուցանիշներն ուղղորդող են, ոչ թե պարտադիր»
Կառավարությունը նշում է, որ անցած տարի բյուջեն գերակատարվել է 2% կամ 27 մլրդ դրամ, բայց չի նշում, որ ծախսային մասը գերակատարվել է 144 մլրդ դրամով կամ 10%, և դեֆիցիտն ավելացել է 80%` կազմելով 267 մլրդ դրամ` նախատեսված 150-ի փոխարեն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը: Փաստելով, որ բյուջեում փոփոխությունը պետք է կատարվի ԱԺ համաձայնությամբ, բայց նման քննարկում չի եղել, պատգամավորը հարցրեց` իրավական ի՞նչ հիմքեր են եղել դրա համար:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հաստատեց գերակատարումը և՛ եկամուտների, և՛ ծախսերի մասով, և պարզաբանեց, որ ծրագրային ֆինանսավորումները, օրինակ` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագիրը, որ դիտում են թե՛ բյուջեի ծախս, թե՛ դեֆիցիտ, հնարավորություն են ընձեռում այդ ծախսերն անել: ԱԺ-ում քննարկումներ չիրականացնելու վերաբերյալ Վ.Արամյանը նշեց, որ օրենքը 2 սահմանափակում է դնում` միջհոդվածային վերաբաշխման մասով՝ 3%, և ընդհանուր ծախսերի մեջ փոփոխության մասով՝ 10%: Պակասուրդի հետ կապված՝ նախարարը տեղեկացրեց, որ հարկաբյուջետային կանոնները թույլ չեն տալիս բյուջեի դեֆիցիտի գերաճը, բայց բյուջեում դեֆիցիտի ցուցանիշները ուղղորդող են, ոչ թե պարտադիր: